Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականին իրականացրած աշխատանքի հաշվետվությունը, որից տեղեկանում ենք, որ հունվարի 11-ին ուժի մեջ է մտել 2015թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
Ինչպես տեղեկանում ենք համաձայնագրի տեսքտից՝ այն կնքվել է հինգ տարի ժամկետով և կարող է նաև երկարաձգվել, իսկ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ:
Համաձայնագիրն ըստ civilnet.am-ին տրված ՊՆ պարզաբանման, հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում:
Ըստ այս համաձայնագրի՝ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերը պարտավորվում են ապահովել համաձայնագիրը ստորագրող երկրների ռազմական ավտանգությունը և ունեն որոշակի պարտավորվածություններ, մասնավորապես՝ մի կողմից ստացված տեղեկությունը չպետք է օգտագործվի ի վնաս մյուս կողմի: Կողմերը պարտավորվում են երրորդ կողմի չփոխանցել այս համաձայնագրի իրագործման ընթացքում ստեղծված կամ ստացված տեղեկությունը` առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության:
Միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվում է. խաղաղ ժամանակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ՝ ստեղծվող իրավիճակից կախված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ:
Նշենք, որ Համաձայնագրի 1-ին հոդվածով «Հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը բնորոշվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքի և օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս և, փաստորեն, Արցախի Հանրապետության տարածքում նշված Համաձայնագիրը չի գործում: