Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը չեղյալ է համարել Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը պետք է տեղի ուենար փետրվարի 7-ին: Թարգմանիչ Միքայել Նահապետյանը նախապես թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ շնորհանդեսի կատարման հարցում համաձայնության է եկել, սակայն օրեր անց վերջինս հրաժարվել է տուն-թանգարանում կազմակերպել միջոցառումը: Թե որն է եղել չեղարկելու պատճառը, փորձեցինք ինքներս պարզել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը պնդում է, թե չեղարկման պատճառը միայն տեխնիկական խնդիրներն են.

 

«Սրահի վարձակալության պայմանագիրը հնարավոր չեղավ կնքել տեխնիկական պատճառներով: Ես հաշվետվությունների մեջ էի, հաշվապահությունը զբաղված էր, և այլն, որևէ պայմանագիր չէի կարող կնքել։ Ես գրքի թարգմանչին առաջարկեցի, որ հետաձգի, ինքն ասաց, որ չի կարող», - ասաց Ասատրյանը:

Գրքի բովանդակության, Սաակաշվիլիի ինքնակենսագրականի հետ կապված որևէ խնդիր չի՞ տեսնու հարցին թանգարանի տնօրենը պատասխանեց, - «Ես չեմ էլ տեսել ինչ բան է, ախր, եթե մի բանին ծանոթ չեմ, ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ»,- նշեց նա։

Մենք պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք նաև Մշակույթի նախարարության հետ, որտեղ ևս տեղյակ չէին առաջացած խնդիրներից. «Նախարարությունը տեղյակ չի եղել, քանի որ թանգարանի և կազմակերպիչների միջև որևէ պայմանագիր ստորագրված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:

Նշենք, որ հունվարի 25-ին, երբ համացանցում միջոցառման մասին տեղեկություն է հրապարակվել, բնապահպանության նախարարի օգնական Մեսրոպ Եսայանն առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել՝ հարց բարձրացնելով, թե Սաակաշվիլին հակահայ գործիչ է, ինչպե՞ս է թանգարանի տնօրինությունը այդպիսի միջոցառում թույլ տվել իրականացնել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Եսայանը նշեց, որ ինքը պարզապես զարմացել է՝ տեսելով, որ միջոցառումը պետք է տեղի ունենար Չարենցի տուն-թանգարանում. «Ես զարմացա, քանի որ Սաակաշվիլին հայ գրականության դեմ պայքարում էր իր նախագահության ժամանակ, իսկ այդ գրականության մեջ մտնում էր նաև Չարենցը: Այսինքն, մի մարդ, ով պայքարել է նաև Չարենցի գրականության դեմ իր գրքի շնորհանդեսն են փորձում անել իր տուն-թանգարանում: Սրա վերաբերյալ ես իմ կարծիքն եմ արտահայտել: Եթե այլ տեղ լիներ, ես որևէ խնդիր չէի տեսնի»,- ասաց նա: 

Նշենք, որ գրքում Միխեիլ Սաակաշվիլին պատմում է 2003 թվականի Վարդերի հեղափոխության, իր իշխանության գալու, իրականացրած արմատական բարեփոխումների մասին, գաղտնազերծում ռուս-վրացական պատերազմի որոշ դրվագներ, գրել է իր և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների մասին, անդրադարձել Ուկրաինայում ստեղված վիճակին, Ղրիմի բռնակցմանը:

 

Հիշեցնենք՝ դեռևս ամիսներ առաջ Մշակույթի նախարարության կողմից փակվել էր նաև «Թումանյանի» տուն-թանգարանում խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը:

Փաստորեն, ընտրողաբար արգելք է դրվում այն մշակութային միջոցառումների վրա, որոնք դուրս են մեր իշխանությունների քաղաքական հետաքրքրություններից:

Սոնա Հարությունյան