Վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականի գործունեության հաշվետվության և 2018 թվականի աշխատանքների մասին հանձնարարական տվեց: «Ներկայումս մեր կողմից ուսումնասիրվում են հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականին կատարած աշխատանքները, գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրերի իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները»,- ասաց վարչապետը:

Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները։