Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն ԱՄՆ արդարադատության նախարարության օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի անդամի պաշտոնում: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Առաջարկները քննարկման համար ուղարկվել են Սենատին: Հավանության արժանանալու պարագայում Հովակիմյանը հանձնաժողովի անդամի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:
Պատրիկ Հովակիմյանը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հարավային շրջանի դատախազի օգնականն է: Նա զբաղվում է կոռուպցիայի, ինչպես նաև գործարարների և կառավարության ներկայացուցիչների կողմից ֆինանսական շարժառիթ ունեցող հանցագործությունների քննությամբ: Իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել Սթենֆորդի իրավունքի դպրոցում: