Օսմանյան կայսրության ամենադաժան սուլթաններից մեկի՝ Աբդուլ Համիդի թոռը՝ Օրհան Օսմանօղլուն, վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին էլ գալու է այն, ինչ տեղի է ունեցել իր պապի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական Diken պարբերականը, այս մասին նշել է Օսմանօղլուն՝ նշելով, որ Էրդողանը պետք է դասեր քաղի նրանից:
«Նրան չհասկացան շրջապատողները: Միայնակ մարդ էր: Շատ թշնամիներ ուներ: Նրա գահընկեց արվելու շրջանը նման է մեր օրերին: Նման է նրան, ինչ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին է գալիս: Պետք է շատ ուշադիր լինենք, տեսնենք, թե ովքեր են մեր թշնամիները»,- ասել է «արյունոտ սուլթան» մականունը ստացած Աբդուլ Համիդի թոռը: Նա նշել է, թե իր պապը շատ թշնամիներ ուներ ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ դրում:
«Այսօր Էրդողանը նույն պայքարն է մղում: Անհրաժեշտ է ուշադիր լինել և դասեր քաղել»,- ասել է նա:
Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդը 1909 թվականին գահընկեց էր արվել և բանտարկվել, որտեղ էլ կնքել էր մահկանացուն: Նա 1895-96 թվականներին կազմակերպել էր հայերի զանգվածային կոտորածներ, որին զոհ էր գնացել շուրջ 300 հազար հայ: