ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն համոզման է, որ ռեյտինգային ընտրակարգը երբեք խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով․ «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում կազմակերպվել են լավագույն պառլամենտական ընտրությունները ՀՀ պատմության մեջ։ Ռեյտինգային ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան փակ ցուցակներով ընտրական համակարգը։ Ռեյտինգային համակարգը խրախուսում է տեղական տարածքներում ժողովրդավարության զարգացմանը»,-ասաց Շարմազանովը։
Վերջինս նշեց, որ իր այս հիմնավորումները բավարար են համոզվելու, որ ռեյտինգային ընտրակարգը ինքնանպատակ չէ։
Հարցին՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընկերությունը կարո՞ղ է տրոհվել, Շարմազանովը պատասխանեց, որ նման հարց ՀՀԿ-ի օրակարգում չկա։
Դիտարկմանը, որ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ այլ կարծիք ունի իրենց կոալիցիոն գործընկերը, Շարմազանովը նշեց, որ Դաշնակցությունը միշտ էլ այս հարցի շուրջ այլ կարծիք է ունեցել, մինչդեռ Հանրապետականը ընտրակարգը փոխելու կարիք չի տեսնում։
Լրագրողների հետ զրույցում Շարմազանովն անդրադարձավ նաև Արամ Մանուկյանի արձանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ինքը թեև քանդակագործ չէ, սակայն արձանը համարում է նորմալ արձան։
«Ես ճարտարապետ չեմ, քանդակագործ չեմ, բայց նայեցի՝ նորմալ էր, արձանը նրա կերպարի մեջ է՝ եռագույն դրոշը, ընտրված վայրը»,- ասաց Շարմազանովը: