Նոր խժդժություններ են հասունացել ԵՊՀ-ում: Բանն այն է, որ ԵՊՀ մի խումբ ուսանողներ գրառումներ են կատարում ֆեյսբուքյան իրենց էջերում՝ բարձրաձայնելով, որ դեկանատից իրենց պարբերաբար կանչում և արգելում են համալսարանին վերաբերող որևէ հրապարակում անել կամ հավանել ֆեյսբուք սոցիալական ցանցում: 

Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանը: Վերջինս նշեց, որ այժմ նոր նախաձեռնություն են սկսել` ԵՊՀ-Restart:

 

«Նախաձեռնության նպատակը համալսարանի տարբեր խնդիրների մասին բարձրաձայնելն է: Առաջին խնդիրը վերաբերում էր, օրինակ, զուգարաններում թղթի բացակայությանը: Որոշ ֆակուլտետներում կա թուղթ, որոշներում՝ ոչ, բայց հիմնականում չկա: Սրա հետ կապված ակցիա ենք իրականացրել, փոստ էինք արել նախաձեռնության համար բացված խմբում: Դրանից հետո հիմնականում առաջին և երկրորդ կուրսի ուսանողների տարբեր դեկանատներից կանչում են, թե ինչու են նման լուսանկարներ հրապարակում կամ հավանում արված գրառումները: Երեկ դեկանատ են կանչել ոչ միայն հրապարակում անողին, այլև փոստը հավանողներին»,- ասաց ԵՊՀ ուսանողը: 

Նրա խոսքով՝ ինքը երեկ է տեղեկացել այդ մասին և դեռևս չի գնացել դեկանատներ, սակայն այսօր պատրաստվում է գնալ և պարզել, թե ինչումն է խնդիրը, քանի որ որևէ մեկն իրավունք չունի վերահսկել ուսանողների սոցիալական էջերը. «Ուսանողների ֆեյսբուքներին անգամ հետևում են, դա աբսուրդ է: Փաստորեն, նայում են ոչ միան հրապարակումները, այլև, թե ով է հավանում տվյալ հրապարակումը: Զարմանալի է, թե ինչով է զբաղվում դեկանատը: Գրաքննությամբ են զբաղվում: Ուսանողն իրավունք  ունի գրառումներ կատարելու, կարգ չի խախտում դրանով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դեկանատների նպատակն է, որ մարդիկ չկոնսոլիդացվեն ինչ-որ խնդրի շուրջ և այս ձևով փորձում են զսպել ուսանողներին: 

Կատարվածի վերաբերյալ մենք պարզաբանում փորձեցինք ստանալ նաև ԵՊՀ-ից: Մեզ հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ ծանոթ է ուսանողների գրառումներին. «Խնդրին ծանոթ եմ, դա աբսուրդ է: Իմ միակ հորդորն այն է, որ հրապարակեն այն մարդու անունը, ով իրենց կանչում և ինչ-որ հրահանգներ է տալիս: Եթե ուսանողները հրապարակեն անուններ, մենք բնականաբար հետամուտ կլինենք, քանի որ նման բանն իհարկե անթույլատրելի է»,- ասաց Գրիգորյանը:  

Սոնա Հարությունյան