Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա նիստին մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով:

Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը հայտարարեց՝ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարի ազատազրկման, Գևորգ Սաֆարյանին` 4. 6 տարի, Ներսես Պողոսյանին` 4, Հրայր Թոփչյանին` 3, Սասունիկ Կիրակոսյանին` 4.6 տարի, Հովհաննես Պետրոսյանին` 2 տարի, Գալուստ Գրիգորյանին` 3 տարի ժամկետով:

 

Դատախազ Հակոբ Ենոքյանը եզրակացությունն ընթերցելիս ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրությամբ մետաղյա շուրջ չորս տասնյակ ձողեր են հավաքել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար, և ըստ մեղադրողի՝ արարքներն ունեցել են հանրային վտանգավորություն:

Ժիրայր Սեֆիլյանի համար, որպես մեղմացուցիչ հանգամանք, նշվեց խնամքի տակ մինչև 14 տարեկան երեխա ունենալն ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ ունեցած ակտիվ մասնակցությունը: 

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: