Այս օրերին համացանցային տիրույթում բուռն քննարկումների առիթ է բանակին նվիրաբերվող լվացքի մեքենաների թեման: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ակտիվ օգտատերերը սկսեցին գումար հանգանակել բանակին լվացքի մեքենաներ նվիրելու համար:

Արդյո՞ք բանակն ունի հանգանակությունների կարիք, արդյո՞ք պետությունը չէ, որ պետք է հոգա բանակի կարիքները, և արդյո՞ք բանակին անհրաժեշտ են այդ լվացքի մեքենաները: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովի հետ: 

Նրա խոսքով՝ բանակին ցուցաբերվող օգնությունը նորմալ է և իրավաչափ՝ պատերազմող երկրների պարագայում. 

«Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Ամերիկայի, Բելգիայի և մի շարք այլ երկրների հասարակությունը, գնահատելով բանակի կարևորությունը, օգնություն է ցուցաբերում: Ցանկացած երկիր, եթե պատերազմական իրավիճակում է և եթե տվյալ երկրի հասարկությունը  հիմար չէ ու հասկանում է, որ բանակն իր պաշտպանն է՝ փորձում է ինչ-որ բանով օգնություն ցույց տալ»,- ասաց Վարդանովը:

Բանակին լվացքի մեքենաներ նվիրելու երևույթը Վարդանովը դրական գնահատեց. «Շատ նորմալ է: Եթե մարդն ունի, օրինակ, 10 գլխարկ, դա չի նշանակում, որ այլևս չպետք է ունենա: Նույնն էլ այս դեպքում է, քանի որ հնարավոր է մյուսները վնասվեն և դրանց կարիքը հաստատ կլինի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ տղաները, ելնելով հիգիենան պահպանելու անհրաժեշտությունից, սովորաբար խուսափում են իրերը համատեղ օգտագործելուց, այս դեպքում արդյո՞ք կօգտվեն միևնույն լվացքի մեքենայում, օրինակ, ներքնաշորերը լվանալու հնարավորությունից, Վարդանովը նկատեց.

«Զինվորները միմյանց ընկերներ են և չպետք է նման բաներ հաշվի առնեն: Եթե միասին սահման են պահում, քնում, արթնանում, հաց ուտում, իրենց մոտ նման հարցեր չպետք է առաջանան: Նրանք միմյանց բերանի ծամած հացը պետք է ուտեն: Եթե ոչ, ապա էլ ինչ ընկեր»,- ասաց նա: