Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական բևեռների առճակատման դաշտ, որտեղ հումանիտար աղետը գնալով անտանելի է դառնում, իսկ երկրներն ավելի ու ավելի են ներգրավվում իրենց ուժերի փորձարկումներով:

Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը: «Սիրիայում ներկայում լիակատար պատերազմական իրավիճակ է, որտեղ զոհերի քանակը ոչ թե տասնյակներով է չափվում, այլ հարյուրներով ու հազարներով, նոր զինատեսակների ու մարտավարությունների փորձարկում է տեղի ունենում մի երկրում, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները: Մի երկիր, ուր անցած տարի Հալեպն էր ռմբակոծվում, այս տարի Արևելյան Գութայի, Դեր Զորի ռմբակոծության խնդիրների մասին է բարձրաձայնվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց փորձագետը:

Նրա խոսքով' ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դեռևս դիվանագիտական հայտարարությունների տեսքով են ուղերձներ փոխանցում և ռազմական գործողությունները վերագրում են ոչ պետական ուժերին: Իսկ Թուրքիան, ըստ Պողոսյանի, օգտվելով ԱՄՆ-Ռուսաստան առճակատումից, փորձում է իր շահերն առաջ տանել ու պայքար մղել քրդերի դեմ: «Մենք տեսանք, որ ՄԱԿ-ում անվտանգության խորհուրդը 30-օրյա զինադադարի մասին բանաձև ընդունեց, սակայն դրանից հետո ևս կողմերը քաղաքական ասպեկտում հայտարարություններով սկսեցին իրար մեղադրել և պնդել, որ շարունակելու են պայքարը «Իսլամական պետության» դեմ»,-ավելացրեց Թևան Պողոսյանը:

Փորձագետն այս իրավիճակում Հայաստանից ակնկալում է զգոն և ուշադիր քայլերի իրականացում, քանի որ ռազմական թատերաբեմը Հայաստանից ոչ մեծ հեռավորության վրա է, դրան գումարած՝ նաև Սիրիայում հայկական համայնքի անվտանգության ապահովման հարցերը: Նրա դիտարկմամբ' բացառված չէ իրավիճակը, որ աշխարհն այլևս չվերագտնի կայունությունն, ու խնդիրն ընդլայնի իր աշխարհագրությունը: «Իրականության մեջ «Իսլամական պետությունը» չի հաղթահարվել, այն գոյություն ունի, և մենք պետք է ուշադիր ու զգոն լինենք մեր երկրի ու սահմանների անվտանգության հարցերի նկատմամբ: Զարգացումներին հետևելուց բացի ճիշտ սցենարներ մշակենք, որպեսզի Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնենք' առնվազն նրանց այնտեղից դուրս բերելով»,-հավելեց բանախոսը: