Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով ճանաչել եւ վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Իրենց խոսքը ցուցարարներն ուղղել են ոչ միայն Ադրբեջանին այլեւ՝ Միացյալ Նահանգներին, ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը. «Մենք Ամերիկայի կառավարությանը ասում ենք՝ շիտակ կողմի վրա պետք է կանգնես»:

Պաշտոնական Բաքուն հերքում է Սումգայիթի ջարդերի համար որեւէ պատասխանատվությունը՝ հիշեցնելով, որ այն տեղի է ունեցել Խորհրդային Միության օրոք, ուստի, դրա համար պատասխանատվություն պետք է կրեն խորհրդային իրավապահ մարմինները: Փոխարենը Ադրբեջանը մեղադրում է հայերին Հոջալիում խաղաղ ադրբեջանցիներին ոչնչացնելու համար:

Բողոքի հավաքված հայերը սակայն այդ մոտեցման հետ համաձայն չեն, հիշատակելով Սումգայիթին հետեւած բազմաթիվ վայրագություններ՝ Գուրգեն Մարգարյանից մինչեւ Քյարամ Սլոյան:

«Սումգայիթը 30 տարի առաջ եղավ, բայց կարող ենք ասել, որ եթե Ալիեւը եւ իր բանակը առիթ ունենան, նորից այդտեսակ սպանություն կանեն հայերի դեմ», - ասում է Արամ Համբարյանը:

Հատկանշական է, որ խորհրդային շրջանում պաշտոնական վարկածի համաձայն Սումգայիթում փետրվարի 27-29 զոհվել է 32 քաղաքացի, այդ թվում 26 հայ եւ 6 ադրբեջանցի, մինչդեռ՝ ոչ պաշտոնական տվյալներով Սումգայիթում սպանված հայերի թիվը հարյուրից ավելի է: Հատկանշական է նաեւ, որ խորհրդային ղեկավարությունն ամեն կերպ փորձում էր կոծկել սպանդի փաստը, այսպես, փետրվարի 27-ի երեկոյան, երբ Սումգայիթում արդեն սպանում ու բռնաբարում էին Խորհրդային Միության խաղաղ հայազգի քաղաքացիներին, «Время» լրատվական ծրագիրը պատմում էր Իսրայելում եւ Պանամայում բախումների մասին՝ խուսափելով Սումգայիթի ջարդերի որեւէ հիշատակումից: