Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը խոստանում է իր կյանքի մեծ փորձն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունների լիարժեք կատարմանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ողջ ժողովրդին ծառայելուն: Խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ակնկալում է պատգամավորների և ողջ հայ ժողովրդի աջակցությունը: «Ակնկալում եմ նաև ձեր և մեր ժողովրդի աջակցությունն ու մասնակցությունը մեր ապագա բոլոր հաղթանակներին, որոնք լինելու են ի շահ մեր պետության և մեր ժողովրդի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց քվեարկությանը մասնակցած բոլոր պատգամավորներին: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմ քվեարկողներին և բոլոր դեմ քվեարկողներին: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել մեր երկրում կարևոր փոփոխությունների գործընթացում ձեր կարևոր ներդրման համար»,- ասաց Սարգսյանը:

Մարտի 2-ին ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր: