Հայ երաժշտական մշակույթը ծանր կորուստ է կրել: 2018 թվականի մարտի 5-ին, 94 տարեկանում կյանքից հեռացել է ջութակահար, բազմավաստակ մանկավարժ, երաժշտական կրթության հմուտ կազմակերպիչ, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երկար տարիների տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և Մովսես Խորենացու մեդալակիր Պետրոս Ասատուրի Հայկազյանը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Պետրոս Հայկազյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը 17:30-19:30-ը' Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը՝ մարտի 8-ին, ժամը 12:00-14:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):
«Պետրոս Հայկազյանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 19-ին, Գյումրիում: Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Պ. Հայկազյանը, զորացրվելուց հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ուսանելով պրոֆեսոր Կարպ Դոմբաևի դասարանում:
1950 թվականից մինչև կյանքի վերջին օրերը նա դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Եղել է դպրոցի ուսմասվար, իսկ 1967-2003 թվականներին՝ տնօրեն:
Նրա ղեկավարության օրոք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը դարձել է Հայաստանի Հանրապետության առաջատար երաժշտական կրթօջախներից մեկը՝ ամրապնդելով իր կապերը Մոսկվայի, Թբիլիսիի և Սովետական Միության այլ քաղաքների երաժշտական դպրոցների հետ:
Անմնացորդ նվիրվելով մանկավարժական աշխատանքին՝ Պետրոս Հայկազյանը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի՝ իր ղեկավարած ջութակի դասարանում կրթել և դաստիարակել է տասնյակ ջութակահարների, որոնք ներկայում աշխատում են Հայաստանի և արտերկրի սիմֆոնիկ և կամերային նվագախմբերում, լարային կվարտետներում և կամերային այլ անսամբլներում, վարում են մենակատարի և մանկավարժի ակտիվ գործունեություն:
Նրա աշակերտների թվում են այնպիսի ջութակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, ինչպիսիք են՝ Վիկտոր Խաչատրյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բագրատ Վարդանյանը, Տիգրան Տողրամաջյանը, Անահիտ Կուրտիկյանը, Գևորգ Բուդաղյանը, Դավիթ Հարությունյանը, Տաթևիկ Խաչատրյանը, Աստղիկ Վարդանյանը, Մարտին Յավրյանը, Սյուզի Երիցյանը, Գևորգ Ղարաբեկյանը, Էմանուել Ճգնավորյանը, Տիգրան Հախումյանը, Անուշ Նիկողոսյանը, Դիանա Ադամյանը և շատ ուրիշներ:
Մասնագիտական և մարդկային հազվագյուտ հատկանիշների տեր, երաժշտական կյանքի տաղանդավոր կազմակերպիչ, շրջապատի նկատմամբ միշտ բարյացակամ, բայց և պահանջկոտ, մեծ հոգու և ջերմ սրտի տեր, հիանալի գործընկեր Պետրոս Հայկազյանն իր երկարամյա գործունեությամբ խորը հետք թողեց Հայաստանի երաժշտական կյանքում:
Նրա կյանքն ու գործը առմիշտ կմնա նրան անկեղծորեն սիրող և հարգող մարդկանց սրտերում»,- նշված է հաղորդագրության մեջ: