Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն այն համոզմանն է, որ Կառավարության նիստերի անցկացման փակ ձևաչափը դեռ չի նշանակում, որ դրանք գաղտնի են և միտում կա որևէ բան թաքցնելու․ «Ես այս մասին կարող եմ խոսել մեր հանձաժողովի օրինակով։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքային քննարկումները ամբողջովին այլ բովանդակություն են ունենում, երբ չկա մամուլ, իսկ երբ հարցը տեղափովում է հանձնաժողովի քննարկման դաշտ, բովանդակությունը փոխվում է, և շատ դեպքերում շեղվում է մասնագիտական տարրերից»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ լինում են դեպքեր, որ պաշտոնյան դեմ է քվեարկում այս կամ այն հարցին միայն մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար։
«Մամուլի միջոցով երևալու ձգտումը կա, ինչ-որ մի բանով տարբերվելու ձգտումը է դա: Ես կարծու եմ, որ կարևորը ոչ թե ինչպես է քննարկումը գնում, այլ կարևորը արդյունքն է: Կառավարության նիստերի փակ լինելը չի նշանակում, որ արդյունքները լինելու են ոչ մատչելի, կամ գաղտնի»,-ասաց նա:
ԼՈւՐԵՐ․com-ի հարցին՝ հնարավոր է արդոք մեկ լուսավոր օր էլ Արդարադատության նախարարն, օրինակ բերելով այլ երկրների փորձը, օրենք ներկայացնի, որով կսահմանվի, որ դռնփակ պետք է լինի նաև ԱԺ-ի նիստերը, Հարությունյանը պատասխանեց․ «Դա հնարավոր չէ։ Ազգային ժողովի և ավագանու նիստերը պետք է բաց լինեն։ Կառավարության նիստերը փակ են, քանի որ այլ գործառույթ է տրված Կառավարությանը»։
Հարությունյանը չհամաձայնեց նաև այն գնահատականի հետ, թե Հայաստանի իշխանությունները ադրբեջանականացման են գնում՝ հաշվի առնելով մեկ կուսակցականութան կենտրոնացումը։ Պատգամավորը նշեց, որ ավելի շուտ կարելի է ասել գնում են գերմանականացման: «Ես Ադրբեջանի հետ ոչ մի զուգահեռներ չեմ տեսնում: Մարդկանց ֆանտազիան կարող է ճոխ լինել»,-ասաց նա: