ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը Հանրապետության Նախագահի հանձնարարականի հիման վրա կատարել և ավարտել է ուսումնասիրությունը՝ ցորենի և ալյուրի շուկաներում: Զեկույցում նշվում է, որ 2017 թվականին մեր երկրում ցորենի ներմուծման, տեղական արտադրության եւ իրացման ծավալները կազմել են 468 հազ տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում» ընկերությունները: Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2017 թվականին ներմուծման եւ տեղական արտադրության ծավալները կազմել են 198 հազ. տոննա: Այս շուկայում, ի թիվս «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ների, առկա են եւս 58 ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում: Այս 58 ընկերությունների և նրանց գործունեության մասին, սակայն, ոչինչ հայտնի չէ և նրանց ներկայացվածության մակարդակը և ներգրավվածությունը հուշում է, որ գերկենտրոնացվածության դեմ պայքարը սահմանափակվում է թղթի վրա:
Գների նվազումը 2012 թվականից 268-ից 204 դրամի, ամբողջությամբ տեղավորվում է շուկայական հարաբերությունների տրամաբանության մեջ և հնարավոր է անգամ գերկենտրոնացված և մոնոպոլ շուկայում: Հայտնի է, որ ցորենի գինը ձևավորվում է բորսային գներով, բայց Հայաստանում այս գնի ձևավորման ևս մեկ առանձնահատկություն կա՝ ոլորտի մենաշնորհը: Գյուղացիները պարբերաբար ահազանգել են, որ տեղական ցորենի գնի նվազման վրա էական ազդեցություն ունի Ռուսաստանից էժան գնով ցորենի ներկրումը: Հայաստանում ցորենի մթերման ու ալյուրի վաճառքի գինը, հայտնի է, որ հիմնականում թելադրում են շուկայում գործող խոշոր ալրաղաց-գործարանները: Նկատենք, որ Ալեքսանյանը մենակ չէ, մեզ մոտ մենաշնորհ է գործում շատ այլ ոլորտներում, և քանի դեռ այդպես է, հավաքական Ալեքսանյանը միշտ էլ այնպես է անելու, որ շարքային քաղաքացին շոշափելի դրական տարբերություն չստանա այս կամ այն տնտեսաքաղաքական բլոկին անդամագրվելուց ու փոխարենը՝ ինքը ստանա ոչ թե զուտ մենաշնորհային եկամուտ, այլ մենաշնորհային գերշահույթ։
Ուշագրավ է, որ ՏՄՊՊՀ-ն այս զեկույցով փաստացի պատասխանում է ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի մեղադրանքներին: Հիշեցնենք, ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական գրասենյակը մի քանի անգամ անդրադարձ էր կատարել ցորենի, ալյուրի, շաքարավազի, կարագի, բենզինի շուկաներում առկա մենաշնորհին և կառավարությանը մեղադրել մոնոպոլիայի դեմ պայքարում առանձնահատուկ ջանասիրություն չդրսևորելու մեջ: ՏՄՊՊՀ-ի պատասխանը ՀՀԿ թիկունքում կանգնած օլիգարխների, այս դեպքում Սամվել Ալեքսանյանի պաշտպանությունն է կոալիցիոն գործընկերոջ հարձակումներից: Չէ՞ որ համակարգը ապահովագրում է իրեն ծառայություն մատուցած սուբյեկտներին, դրանում է հենց նրանց փոխգործակցության հիմքը:
Ստելլա Խաչատրյան