Երևանում գարնանային ծառատունկը կազմակերպելու նպատակով Իրանից ներկրվել են դեկորատիվ ծառեր՝ շուրջ 3500 գնդաձև ակացիա և 700 նոճի: Դրանք շուրջ 12000 տեղական տնկիների հետ կհամալրեն երևանյան փողոցներն ու հրապարակները, այգիները, պուրակներն ու բակային տարածքները: Ի դեպ, ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր դեկորատիվ ծառերն ընտրվել են ոլորտի մասնագետների կարծիքները հաշվի առնելով և հարմարեցված են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ծաղկապատման ծրագրի շրջանակում էլ Հոլանդիայից ներկրվել է շուրջ 1 100 000 ծաղկասածիլ: Դրանք այժմ ժամանակավորապես տեղափոխվել են Երևանի քաղաքային տնկարան, իսկ ապրիլի 25-ից արդեն կտնկվեն վարչական շրջանների՝ այդ նպատակով առանձնացված տարածքներում: