Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսում է «Մինասյանը և այլք ըննդեմ Հայաստանի» դատական գործը, որը վերաբերում է «Իրավունք» թերթի 2014 թ. մայիսին հրապարակած՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը․ ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածին:

Այս հոդվածում թերթը ներկայացնում է 60 անձից բաղկացած «սեւ ցուցակ» և կոչ անում դադարեցնել շփումն այդ մարդկանց հետ, չհանդուրժել նրանց և հեռացնել  աշխատանքից:

 

Գործով փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը նշեց, որ  «Իրավունք» թերթի այդ հոդվածում կային ատելության կոչեր և խտրականության հրահրում և նշվում էր, որ պետք է զրո հանդուրժողականություն կիրառել այդ մարդկանց նկատմամբ, նրանց չբարևել, աշխատանքից ազատել: «Ցուցակագրված 60 հայցվորների մի մասը՝ 16 հոգի, որոշեցին հայց ներկայացնել ներպետական դատարանում: Քանի որ մենք չունենք կարգավորում խտրականության կամ ատելության կոչերի հետ կապված, չկան մեխանիզմներ դատարան դիմելու, ընտրվեց տարբերակ, որ վիրավորանքի հայցով դիմենք եւ ներկայացնենք խտրականության ու ատելության կոչերի հիմքը: Ներպետական դատարանը  չանդրադարձավ հայցին, իսկ վիրավորանքի մասով մերժեց: Նույն դիրքորոշումը որդեգրեց Վերաքննիչ դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունեց: Դրանից հետո մենք այս գործը ներկայացրինք Եվրոպական դատարան»,-ասաց փաստաբանը և հավելեց, որ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանն այս գործի վերաբերյալ:

Հայցվոր Աննա Շահնազարյանն էլ նշեց, որ քննարկման առարկա պետք է դարձնել, թե ինչ հասարակություն ենք ուզում կերտել․ «Միանշանակ, կարևոր է սոցիալական խմբերի առանձնահատկությունների, դրանց հիման վրա արժանապատիվ ապրելու իրավունքի հաստատումը: Նույնասեռականության հիմքով շարունակաբար մարդկանց բռնության ենթարկելը պետք է դադարեցվի: ՄԻԵԴ-ում քննությունն այդ գործի մի մասն է, բայց շատ կարևոր է, թե ինչպես ենք մենք երկրի ներսում սա դարձնում քննության առարկա»:

ՄԻԵԴ-ում գործը շահելու պարագայում «Իրավունք» թերթը ստիպված է լինելու հերքում տպագրել և 5 միլիոն դրամ  բարոյական վնասի փոխհատուցում վճարել։