Երևանում՝ ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում քվեարկած ՌԴ քաղաքացիների 92 տոկոսը ձայնը տվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինին: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Վերոնիկա Արտենյանը:

Ռուսաստանի նախագահական ընտրություններին տեղամասում մասնակցել է ՌԴ շուրջ 5000 քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ ՌԴ Պետդումայի նախորդ ընտրություններին Երևանում մասնակցել է ՌԴ 1100 քաղաքացի:

Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ևս բացվել է տեղամաս, որտեղ քվեարկության արդյունքների մասին տվյալներ դեռևս հայտնի չեն:

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,67 տոկոսը: Պուտինն իր քաղաքական կարիերայի ընթացքում հավաքել է առավելագույն ձայները. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելի է, քան 2004 թվականին: Բացի այդ, նրա օգտին քվեարկողների թիվն ավելին է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած: Ընտրությունների արդյունքում 11,79 տոկոս ձայներով երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, իսկ 5,66 տոկոսով երրորդ տեղում՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրան հաջորդում է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67 տոկոս: