Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Սակայն անչափ հետաքրքիր է, որ որևէ այլ ժամանակակից, ժողովրդավարական երկրի Սահմանադրության մեջ նման դրույթ հայտնվելն ավելի քան տարակուսելի կդիտվեր, քանի որ ըստ օրենքի, և ըստ պետականամետ տրամաբանության՝ երկրի տարածքը մի բան է, որը կայուն սուբստանցիա է և կարող է փոխվել միայն այլ երկրի կողմից ռազմական ինտերվենցիայի կամ սեփական նախաձեռնությամբ տարածք հանձնելու դեպքում: Այն, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում՝ փաստ է:
 
Սակայն արդյո՞ք արժե երկրի սահմանների փոփոխության մասին դրույթը ներառել երկրի Մայր օրենքի մեջ, դրանով իսկ հոխորտալու առիթ տալով հարևան երկրին և բավականին լարված իրավիճակ ստեղծելով հանրության ներսում: Այս դեպքում հանրաքվե կոչվածն ընդամենը քաղաքական որոշման փայլուն փաթեթավորում կարող է դառնալ: Մեր երկրում երեք անգամ է հանրաքվե անցկացվել, երեքի արդյունքն էլ բավականին լուրջ հարցեր են առաջացրել: Հետևաբար, հանրաքվեն չի կարող հանրության համար երաշխիք հանդիսանալ, որ ի վերջո իր կամարտահայտությունը կազդի իշխանությունների այս կամ այն որոշման վրա:
 
Անչափ ուշագրավ է նաև իշխանությունների արձագանքը: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հրաժարվել է մեկնաբանել Սահմանադրության այս դրույթը. փոխարենը հանրությանը լուսավորել է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Վերջինս նման մի օրինակ ներկայացրեց. «Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի, հնարավոր է, որ Հայաստանի ներսում գտնվող Քյարքին փոխանակվի Արծվաշենի հետ»: Ավելին, կարող է այնպես ստացվել, որ փոխանակումը կրի միակողմանի՝ մեզ համար անբարենպաստ բնույթ: Խնդիրը դա չէ: Ամենանողկալին այն է, որ իրավաբանորեն ամրագրված է Հայրենիքի առքուվաճառքի մասին դրույթը, ասել է թե՝ քաղաքացիներին սովորեցնում են Հայաստանը մաս-մաս կամ ամբողջությամբ վաճառելու մեխանիզմը: Կարծես թե իշխանությունները նման սցենարի համար իրավական և հոգեբանական անվտանգության բարձիկ են նախապատրաստում:
 
 
Ստելլա Խաչատրյան