ՀՀ ԱՆ ՔԿՀ Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետի՝ կաշառք ստանալու դեպքով հարուցված քրեական գործը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Տռուզյանը:

Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված պաշտոնատար անձը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 1 մլն 200 հազար ՀՀ դրամ տուգանքի դատապարտված Մ.Ք.-ից՝ պատժի կրումից ազատելու նախապայմաններ ստեղծելու համար, պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով' 400.000 ՀՀ դրամ:

Գումարի փոխանցումն իրականացվել էր ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: