Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Գեղարքունիքի Աստղաձոր համայնքում քամին շենքերի տանիքներ է վնասել: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 24-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մարտի 24-ին՝ ժամը 15:25-ին էլ ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում քամուց վնասվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքերի կապակցությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։

Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին ԱԻՆ-ը կոչ է անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։