Ընթացիկ տարվա բնակլիմայական պայմանները աննախադեպ են այն պարզ պատճառով, որ ամբողջ աշնան,ձմռան ամիսներին հանրապետությունում, հատկապես Արարատյան հարթավայրում, գրանցվեց անսովոր բարձր ջերմաստիճանային ռեժիմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գյուղատնտեսության փորձագետ, ՀՀ գյուղնախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանը մարտի 28-ին ասուլիսում հիշեցրեց, որ ցերեկվա ժամանակահատվածում գրեթե բացասական ջերմաստիճան չէր գրանցվում,իսկ գիշերային ժամերին ընդամենը -5…-7 էր:
«Բնական է,որ այս ջերմաստիճանային ռեժիմը պետք է իր անմիջական ազդեցությունը ունենար գյուղատնտեսության ոլորտի վրա: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ պտղատու ծառատեսակները սովորական ժամկետից շատ ավելի վաղ են սկսում ակտիվ փուլի անցնել, և, ինչպես գիտենք, հարթավայրում ավարտվել է ծիրանենու ծաղկումը: Խաղողի այգիներում հիմա կարելի է նկատել բացված բողբոջներ,հատկապես սեղանի և տեխնիկական սորտերի դեպքում:Ծաղկման փուլում են գտնվում նաև մնացած կորիզավոր պտղատեսակները»,-ասաց նա:
Պետրոսյանը նշեց,որ շատերի մոտ լարվածություն առաջացրեց այն,որ բարձր ջերմաստիճանի պայմաններում ակտիվ կենսական պրոցեսներ ընթանալով,որոշակի դժվարություններ առաջացան աշխատանքների կազմակերպման գործում:Մասնավորապես առանձին հատվածներում դեռևս չի ավարտվել խաղողի վազերի էտի աշխատանքները,որը ըստ Պետրոսյանի,ուղղակի անթույլատրելի է:
«Առանձին մշակաբույսերի,մասնավորապես բանջարանոցային մշակաբույսերի ցանքի աշխատանքներում որոշ հողագործներ մի տեսակ չհիմնավորված շտապողականություն են հանդես բերում»,-ավելացրեց նա:
Փորձագետի խոսքով,եթե հետագայում ջերմաստիճանային ռեժիմի էական շեղումներ չգրանցվեն,ապա կարելի է կանխատեսել բավական լավ բերք:
«Ամբողջ ձմռան ընթացքում պտղատու ծառատեսակների բողբոջները գրեթե չեն վնասվել,և, հավանաբար, շատերը նկատեցին,որ առատ ծաղկել էին ծիրանենիները և նաև մնացած պտղատու ծառատեսակները»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը:
Անդրադառնալով վերջին օրերին դիտված ուժեղ քամիների հնարավոր ազդեցությանը այգիների վրա,,Պետրոսյանը ասաց,որ ճիշտ է կան վնասներ,բայց դրանք բերքի ընդհանուր ծավալի վրա որևէ էական բացասական ազդեցություն ունենալ չեն կարող:
Ամենակարևոր խնդիրը,որ այսօր մտահոգում է շատերին,դա ոռոգման,ջրամատակարարման խնդիրն է:
«Տվյալների վերլուծություններն իսկապես մտահոգում են:Մեր ջրամբարները կիսով չափ են լցված:Դեռ, իհարկե, դժվար է կանխատեսել,թե ինչպիսին կլինի ապրիլ և մայիս ամիսների և նաև հունիսի առաջին կեսի ընթացքը' տեղումներ կդիտվե՞ն,ի՞նչ ինտենսիվությամբ,ի՞նչ քանակով:Դրանով պայմանավորված խնդիրներ կարող է լինեն,բայց և այնպես, նկատի ունենալով,որ արդեն ոռոգման սեզոնը պետք է սկսել սովորականից շատ ավելի վաղ ժամկետում,քիչ է հույս ներշնչում,որ մենք ջրամբարներում կունենանք ջրապահովվածություն»,-ավելացրեց մասնագետը:
Նա նկատեց, որ վերջին 4-5 տարիների ընթացքում արդեն երրորդ տարին է,որ սակավաջրության խնդիր ենք ունենում:
«Սա ինքնըստինքյան հուշում է,որ պատկան մարմինները պետք է շատ լուրջ հետևություններ անեն,լուրջ ծրագրեր մշակեն' դիմակայելու նման խնդիրներին:Պատահական չէ,որ այսօր ամբողջ աշխարհում թիվ մեկ խնդիրներից մեկը դիտվում է քաղցրահամ խմելու և ոռոգման ջրով ապահովելն է»,-նշեց նա:
Մասնագետը նկատեց,որ լուրջ խնդիր ունենք ջրի կառավարման ոլորտում:
«Այնպես չէ,որ մենք սակավաջուր երկիր ենք,ընդհակառակը մենք հսկայական քանակությամբ ջուր ենք ունենում տարվա ընթացքում:Մեր 29000 քառակուսի կմ տարածքի վրա գոյանում է առնվազն 7 մլրդ խորանարդ մետր ջուր,որից ընդամենը օգտագործվում է շուրջ 2 մլրդ խորանարդ մետրը'ոռոգման,խմելու և տեխնիկական նպատակներով:Փաստորեն ահռելի ռեսուրսներ ունենք, որոնք չենք կարողանում տնօրինել»-ասաց փորձագետը:
Պետրոսյանը նշեց,որ տարիներ շարունակ համակարգում հսկայական ներդրումներ են կատարվում,բայց և այնպես խնդիրը չի լուծվում:
«Անցյալում նույնպես եղել են այսպիսի խնդիրներ,բայց բավականաչափ լուրջ քայլեր են ձեռնարկվել:Այսօր,երբ մենք խոսում ենք ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման մասին,կարևոր խնդիր է դրվում հանրապետությունում զարգացնել պտղաբուծությունը որպես եկամտաբեր ուղղություն:Առանց կայուն ջրամատակարարման այս հարցի մասին խոսելը անիմաստ է»-նշեց նա:
Ըստ փորձագետի,համակարգի որակյալ մասնագետների պակաս կա: Նախկինում համակարգում գործող լուրջ գիտակները,հզոր մասնագետները վաղուց թոշակի են անցել կամ ընդհանրապես ոլորտից դուրս են մնացել:
Դժվարություններին դիմակայելու միակ հնարավոր ձևը փորձագետի խոսքով հստակ ծրագրերի մշակումն է:
«Նախկինում մշակված բավականաչափ լուրջ ծրագրեր կային ինքնահոս ջրամատակարարման անցնելու:Այդ ծրագրերը պետք է թարմացնել և գործողության մեջ դնել:Այս իրավիճակում պետությունը ստիպված պետք է լիներ դարձյալ դիմելու Սևանի օգնությանը:Անցյալ տարի ևս օգտագործեցինք այդ հնարավորությունը:Ճիշտ է, սա առաջ է բերում բնապահպանների դժգոհությունը,բայց շատ կարևոր խնդիր է գյուղացուն ջրով ապահովելը:Եվ հակառակ խնդիրը ևս կա:Ինչո՞ւ նույն բնապահպանների կողմից չի բարձրացվում այն հարցը,թե ինչու լուրջ քայլեր չեն ձեռնարկվում Սևանա լճում ջրի պաշարների համալրման ուղղությամբ»,-նշեց նա:
Անմխիթար վիճակում են գտնվում ջրանցքները և ջրատարները,ահռելի են կորուստերը:
«Ամենուրեք անօրինական կառուցապատումներ են, շինություններ ինքնահոս այդ ջրանցքների վրա:Դրանք ժամանակի ընթացքում թույլ են տրվել և այժմ էլ շարունակվում են:Փաստորեն եղած ռեսուրսները մենք շատ մեծ կորուստներով ենք հասցնում համայնք:Սրանք շատ կարևոր խնդիրներ են,որոնք պետք է համակարգված լուծում ստանան,որպեսզի այս ոլորտում առանձնապես դժվարություններ չունենանք»-հավելեց նա: