«Հրապարակ» թերթը գրում է․
Պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ԱԺ աշխատասենյակի գրադարակում շարված են Վլադիմիր Իլյիչ Լենինի մեկ տասնյակից ավելի կապույտ, դրանց կողքին` Արտաշես Մամիկոնիչ Գեղամյանի հատորյակները։ Ասացիք, որ կարդում եք, ո՞ւմ՝ Գեղամյանի՞ն, թե՞ Ուլյանով Լենինին՝ հարցրինք նրան:
«Ցանկացած գիրք օգտակար է, ցանկացած գիրք իր ընթերցողն ունի»: Բա ասում էիք «անգլո-սա՜քս, ԵԽԽՎ պատվիրակության անդա՜մ», կարո՞ղ է նախորդ կյանքում բոլշեւիկ եք եղել։ «Ես դրան չեմ հավատում»: Բոլշեւիզմի՞ն, թե՞ ռեինկարնացիային։ «Ռեինկարնացիային»:
Կարո՞ղ է մոդայիկ է բոլշեւիկ լինելը: «Պատմությունն ապացուցեց, որ բոլշեւիզմը, որպես գաղափարախոսություն, կենսունակ չէ»: Ի՜նչ եք ասում, թվում էր հակառակը։ Էդ դեպքում ինչո՞ւ եք պահում Ուլյանովի գրքերը, չէ՞ որ դրանք վատ աուրա են տարածում` առանց այն էլ Կոզերնի գերեզմանի տեղում կառուցված ԱԺ-ում:
«Եթե մի գաղափարախոսություն օգտակար չի եղել, դա չի նշանակում, որ չպետք է ծանոթանալ»: Նո՞ր եք ծանոթանում, բա մասնագիտությամբ պատմաբան չե՞ք: «Ե՛մ, ու դա իմ մասնագիտական աշխատանքն է»: Ասացեք խնդրեմ. ի՞նչ ընդհանրություն, պատմական զուգահեռներ կան Գեղամյանի եւ Իլյիչի աշխատություններում։ Ո՞ւմ աշխարհայացքն է առավել ընդգրկուն։ «Իհարկե` Իլյիչի»: