Ապրիլյան քառօրյա պատերազմից արդեն երկու տարի է անցել, սակայն գործողություններին մասնակից զինվորները հիշում են այդ օրերը բոլոր մանրամասներով: Ապրիլի 2-ի առավոտյան Մարտակերտի զորամասերից մեկում սովորական վերկացի փոխարեն տագնապ հնչեց: Նարեկ Կատանյանն իր զինակից ընկերների հետ մտածեց, որ հերթական տագնապներից մեկն է: «Մեզ ոչ-ոք ոչինչ չէր ասել: Մենք օրապահից տեղեկացանք, որ պատերազմական իրավիճակ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քառօրյա պատերազմի մասնակից Նարեկը:
Զինվորներին տարան Մարտակերտի շրջանում գտնվող կրակային դիրքեր:Նարեկը, ով հրանոթներից մեկի հրամանատարն է, հիշում է. տղաները պատրաստ էին ցանկացած մարտում արիաբար կռվելու:
«Մենք մի նպատակ ունեինք: Ամեն ինչ անում էինք, որ մեր դիրքերը չհանձնենք թշնամու ձեռքը»,-պատմեց Նարեկը:
Ինչպես եւ նախանշվել էր, այդպես էլ կատարվեց, տղերքն այդ օրը հետ մղեցին թշնամուն' չզիջելով եւ ոչ մի դիրք: «Բարեբախտաբար մենք ոչ մի կորուստ չունեցանք: Թշնամին, սակայն, զոհեր տվեց»,-նշեց Նարեկը:
Նարեկը հիշում էր' քառօրյա պատերազմի օրերին դիրքը դարձել էր բոլորի տունը: «Մենք այնտեղ մի ընտանիք նման դիմակայում էինք անքնությանը, ցրտին, ցանկացած դժվարության: Բոլորիս մեջ վախ կոչվածը բացակայում էր»,-ասաց նա:
Նարեկը վստահեցրեց, որ առանց մեկ վայրկյան անգամ վարանելու պատրաստ է ցանկացած պահի մեկնել դիրքեր' հայրենիքի սահմանները անառիկ պահելու: «Եթե, Աստված մի արասցե, կրկին պատերազմ լինի, միանշանակ մեկնելու եմ դիրքեր»,-վստահեցրեց նա:
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Կողմերն ունեցել են մարդկային կորուստներ: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները: