«Բանակներն իրենց թերությունները ճշգրտում են հատկապես, երբ տեղի են ունենում ռազմական բախումներ, սա է պատմության ընթացքը և մենք չենք կարող խուսափել սրանից: Ապրիլյան պատերազմը մեզ համար ի ցույց դրեց առաջին գծում առկա մի շարք թերացումներ, որոնց վերացմանը ձեռնամուխ եղան մեր Պաշտպանության նախարարությունն ու Գերագույն գլխավոր հրամանատարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ Ապրիլյան քառօրյայից հետո բանակաշինության գործում ինչ առաջընթաց ենք արձանագրել, ասաց  ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ առաջնագիծն, ի շնորհիվ ապրիլյան դասերի՝ այսօր շատ լավ զինված է և կառուցվել են բավականին լուրջ նշանակության կառույցներ և թաքստոցներ, որոնք ապահովված են բոլոր հնարավորություններով: 

 

«Այս տարի կավարտվի նաև մաքուր ջրի անընդհատ մատակարարումն ու էլեկտրաէներգիայով կապահովվի հենց առաջնագիծը»,-ասաց Իսագուլյանը: 

Խոսելով վերջին շրջանում հանձնվող տարածքների վերաբերյալ հայտարարությունների մասին՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ հայկական կողմը երբևէ տարածքներ զիջելու մասին քննարկումներ չի վարել. «Արցախի Հանրապետությունն անկախ պետություն է և հայկական կողմից մեծագույն զիջում էր այն, որ որոշեց Արցախի փոխարեն բանակցել: Հիմա, սակայն, Արցախը մտնում է բանակցային գործընթաց, բանակցություններ վարում է, բայց որևէ իրավասություն չունի Արցախի տարածքի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրելու: Մեր քաղաքագետների՝ տարածքներ հանձնելու մասին հայտարարությունները լսում է Ալիևը և որոշում է Երևանը գրավելու մասին խոսել: Պետք է ԶԼՄ-ների միջոցով տարածքներ հանձնելու մասին խոսակցություններին վերջ տալ»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ Ապրիլյան քառօրյայի ժամանակ մենք տարածք չեն զիջել, պարզապես ադրբեջանական կողմի նշանառության տակ է հայտնվել մեր 800 հեկտարը.  «Տարածք չենք տվել, ուղղակի նրանք կարողացել են մտնել չեզոք գոտի, ինչքա՞ն կրկնեմ, Ադրբեջանին տարածք չենք տվել»,-ասաց Իսագուլյանը: 

ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատուն նաև անդրադարձավ Ապրիլյան քառօրյայի ժամանակ թերացած զինվորական բարձր պաշտոններ զբաղեցնողներին բանակից հեռացնելու քաղաքականությանը և նշեց, որ Պաշտպանության նախարարությունը պետք է պաշտոնյայի թերացումները կարողանա հասցնել երկրի նախագահին: