ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը սպա չէ, թեեւ գեներալ-գնդապետի կոչում ունի, որովհետեւ նա պատիվ չունի: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» խմբավորումը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

 

«Ամեն համազգեստավոր սպա չէ։ Սպայի հիմնական հատկանիշը պատիվն է։

Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող Մովսես Հակոբյանն, օրինակ, սպա չէ, թեեւ գեներալ-գնդապետի կոչում ունի։ Որովհետեւ նա պատիվ չունի։ Նրա համար կարեւոր է թալանելու եւ իշխելու նպատակով պաշտոն ունենալը, հանուն որի նա մեկ ուրիշ անպատիվ արարածի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանի, հետեւից թութակի նման կրկնում է, որ Ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի գրաված տարածքը ռազմավարական նշանակություն չունի։

Տարածքը պետության ֆիզիկական մարմինն է, եւ բանակի առաջնահերթ խնդիրներից մեկը  դրա անձեռնմխելիությունը պաշտպանելն է։

Սակայն շինականի արդար վաստակը մանկությունից մերժած եւ պետական համակարգում ժողովրդի արարած հարստության հաշվին մակաբուծելու երազանք ունեցած այս ծույլ գեղջուկի տեսակին, որին Իգոր Մուրադյանը «մանրբուրժուական էլեմենտ» է անվանում, հասու չէ պատվի ու մարմնի անձեռնմխելիության արժեքները։

Այդ տեսակը պարտադիր կերպով կդավաճանի, եթե Հայրենիքի եւ իր անձնական շահերը կշեռքի նժարներին դնելու վիճակ առաջանա։

Ապրիլյան քառօրյան այդպիսի վիճակ էր, եւ այն բացահայտեց մանրբուրժուական այդ մակաբույծ-դավաճան տեսակին։

Վիճակը պահպանվում է եւ սրվում, ուստի նորանոր բացահայտումների ենք ականատես լինելու։

Մեր երիտասարդ պատվախնդիր սպաներին՝ կապիտան Ուրֆանյանի տեսակին, կոչ ենք անում զգոն լինել եւ, երբ պահը գա, անտեսել դավաճանական հրամանատարությանը եւ գործել պատվի ու Հայրենիքի շահի թելադրանքով։

Իսկ երբ ժողովուրդն ապստամբի ազգադավ ու ոճրագործ ռեժիմի դեմ, կոչ ենք անում արհամարհել բանակի քաղաքական չեզոքության վերաբերյալ՝ մեր երկրում ստեղծված իշխանության յուրացման, պետության զավթման եւ այն ցեղասպանության գործիքի վերածելու պայմաններում կեղծ ու կործանարար սկզբունքը եւ կանգնել հարազատ ժողովրդի կողքին»: