Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի ներդրումային առավելությունները։ Երկրի իմիջն ու գործարար միջավայրը բացահայտող հոդվածները տպագրության է պատրաստել «Global FDI reports» գործակալության Հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հյուրը նշեց, որ բացի տպագիր տարբերակից հասանելի է նաև օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման էլեկտրոնային տարբերակը։ «Տպագիր տարբերակում և կայքում դուք կտեսնեք բոլոր հարցերն ու պատասխանները, հարցազրույցները, որոնք մենք վարել ենք այս թողարկման պատրաստման ժամանակ: Եվ ամենակարևորը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն է. նա առատաձեռնորեն մեզ նվիրեց բավականին երկար ժամանակ' անդրադառնալով պետության զարգացման հեռանկարին»,-ասաց Պաուլինա Գալարդոն:
[gallery id= 60604]
Նրա խոսքով' «Այնտեղ, ուր Արևելքը հանդիպում է Արևմուտքին» խորագրով հատուկ թողարկման մեջ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական վերլուծությանը, ներդրումային հզոր ներուժ ունեցող ոլորտներին (բանկային համակարգ, վերականգնվող էներգետիկա, տուրիզմ, արդյունաբերություն և այլն), առևտրային արտոնյալ ռեժիմներին, ՀՀ-ԱՄԷ, ինչպես նաև Ծոցի երկրների հետ հարաբերություններին: Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը ներկայացնող հատվածն էլ վերնագրվել է «Կովկասի Սիլիկոնային հովիտը»:
Պաուլինա Գալարդոն տեղեկացրեց, որ օրաթերթն ունի 250 հազար տպագիր շրջանառություն, դրան զուգահեռ նաև առցանց տարածում: «Ինչ վերաբերում է առցանց թողարկումներին, ապա մենք գտել ենք ստեղծարար ձևաչափ' կայքի միջոցով կարողանում ենք այս տեղեկատվությունը տեղ հասցնել Ծոցի տարածաշրջանի այլ երկրների ընթերցողներին: Մենք նաև Հայաստանի մասին գովազդներ ենք տեղադրել «Khaleej times»-ում, «The Economist»-ում, «Gulf News»-ում' ակտիվ հղում կատարելով կայքին ու մեր կողմից պատրաստված նյութերին»,-հավելեց Գալարդոն:
Մեր երկրին նվիրված թողարկումը հարցազրույցներ է ընդգրկում նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
Բիզնես Արմենիայի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամ) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն էլ նշեց, որ մեծ սիրով են աջակցել «Gulf News»-ի Հայաստանին անդրադառնալու նախաձեռնությանը: «Ծոցի երկրների հետ քաղաքական հարաբերությունները շատ ավելի առաջ են, քան տնտեսական հարաբերությունները: Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ծոցի մնացած երկրները մեզ համար առաջնային թիրախային երկրներից են, որտեղից կարող ենք ներդրողներ ու ներդրումներ ներգրավել: Այս հրապարակումով արաբական երկրներին հստակ ուղերձ ենք հղում, որ եկեք Հայաստան, ներդրումներ կատարեք այստեղ, քանի որ միջազգային համագործակցության պայմանագրերը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հետ շատ ավելի լավն են ու կարող են օգտվել տրամադրվող արտոնություններից: Այս կայքն ու հրատարակությունը կօգնեն, որ այս ուղերձը հասցնենք նրանց»,-նշեց Արմեն Ավակ Ավակյանը: