Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատել է տեղեկությունը:
«Ոստիկանությունում քաղաքացին հաղորդում է ներկայացրել առ այն, որ փաստաբանները յուրացրել են իր եղբորը գրավով ազատելու գումարը: Հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և կատարվում է նախաքննություն» - հայտնել է նա:
Նշենք՝ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ դեպքը կապված է իրենց հաճախորդներից մեկի հետ.
«Հաճախորդ ունենք, որի գրավով ազատման գումարը տվել էին մեզ, մենք էլ մուծել և նրան ազատել ենք կալանքից: Այնուհետև նրան նորից կալանավորել են, հիմա ասում է՝ գումարս տվեք: Խոսքը 2 մլն դրամի մասին է: Մենք չենք հրաժարվում, որ գումարը վերցրել և մուծել ենք: Ինքն էլ մեզ մեր մատուցած իրավաբանական ծառայության համար պայմանագրով գումար է պարտք՝ գրեթե նույնքան՝ 1մլն 200 հազար դրամ: Ասում է՝ 2 մլն հետ տվեք, ապա ինձ դատի տվեք և պահանջեք ձեր 1մլն 200 հազարը: Իր ստորագրած պայմանագիրը ցույց եմ տալիս, ասում է՝ այո՛, ես եմ ստորագրել, ասում ենք՝ այդ դեպքում ինչո՞ւ չես տալիս մեր գումարը, ասում է՝ չունեմ, ես էլ ասում եմ՝ ինչպե՞ս չունես, դիմացս դրված է: Իրեն սովորեցնողը իր միլպետ եղբայրն է: Որոշել են փաստաբանին «քցել», բայց չեն կարող»,- պատմեց փաստաբանը: