Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հերքում է նոր կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին լուրերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Արտակ Զաքարյանն ասաց, որ նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: «Սուտ լուրեր են»,- կարճ արձագանքեց Արտակ Զաքարյանը:
Մամուլում շրջանառվում են լուրեր իբր նոր ձևավորվող կառավարության կազմում Վիգեն Սարգսյանն այլևս չի շարունակի աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում: Շրջանառվող լուրերի համաձայն' պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի այժմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Նույն օրը կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Սպասվում է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: