Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց ՀՀ Նախագահի լիազորությունները: Այսպիսով Հայաստանի քաղաքական դաշտում դե յուրե նոր խաղացող է հայտնվում, որի խաղաքարտերը, սակայն, հանրության լայն շրջանակների համար դեռևս անհայտ են: Ակնհայտ է, որ հեռացող Նախագահ Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին խաղի մեջ է մտցնում որոշակի ծրագրով և նպատակներով:

Արմեն Սարգսյանի ելույթներից անգամ հասկանալի էր դառնում, որ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին գործուղում է քաղաքական դաշտ՝ քաղաքական զանազան միավորումների հետ աշխատելու: Նորընտիր նախագահի դիվանագիտական փորձը և արևմտյան ժպիտը, ըստ ամենայնի, ծառայեցվելու է քաղաքական դաշտի տարբեր սեգմենտներին և ուժերին իմի բերելու, հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու համար: Հանդուրժողականությունը և ստաբիլությունը հենց այն է, ինչ այդքան անհրաժեշտ է Սարգսյանին, հատկապես, եթե վերջինս որոշում է կայացրել չհրաժարվել վարչապետական ամբիցիաներից: Արմեն Սարգսյանը կարծես թե արդարացնում է սպասելիքները, համենայն դեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում երդմնակալությանը ներկա և այնուհետև ուշագրավ հայտարարություններ հնչեցրած քաղաքական գործիչների գնահատականներից: Մասնավորապես, հետաքրքիր էր մշտապես ռադիկալ դիրքերից հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը. վերջինիս համար Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը որևէ կասկած չի հարուցում: Բացի այդ՝ ուշագրավ էր նաև Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան ձեռքսեղմումը, որը շատ վերլուծաբանների կողմից արդեն իսկ որակվեց իբրև հաշտեցում:

 

Իսկ հաշտվե՞լ է արդյոք ինքը՝ Սարգսյանը իր նոր պաշտոնի հետ: Երդմնակալության ընթացքում շատերի ուշադրությունը գրավեց նորընտիր նախագահի դեմքի մտահոգ, կարելի է ասել՝ անգամ խուճապահար արտահայտությունը: Ակնհայտ է՝ Արմեն Սարգսյանը դժվար է հարմարվում հայկական իրականությանը: Ի տարբերություն բրիտանական սառնության, սա իրականություն է, որը միանգամից մերկացնում է նրա նյարդերը: Քրիստիան Ամանպուրին հարցազրույց տված անձնավորությունը հայտնվել է հայկական քաղաքական իրականության մեջ, ուր խաղի կանոններ չկան, ու նա չգիտի ինչպես պահի իրեն:

Իր համար Սարգսյանի նախագահ դառնալը միանշանակ ներակայացվելու է, որպես հասարակությանը ընդառաջ գնալու հերթական քայլ, հանրային տրամադրությունները բավարարող որոշում: Սա շատ նման է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելուն, երբ իշխանությունները նրա ունեցած հանրային վստահությունը օգտագործեցին 2017թ. խորհրդարանական ընտրություններում իրենց ուզած տոկոսը խփելու համար: Թե որքանով է այս սցենարը մոտ իրականությանը, մենք կտեսնենք առաջիկա մեկուկես ամիսների ընթացքում:

 

Ստելլա Խաչատրյան