Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 2 միլիոն դոլարի վարկ կտրամադրի՝ ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Վարկային համաձայնագիրը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Ներկայացված համաձայնագիրը դեռևս 2013 թ. հունիսի 11-ին Համաշխարհային բանկի և Հայաստանի կողմից վավերացված ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի վարկային փոխառության տրամաբանական լրացումն է: Վարկային ծրագրով նախատեսված էր 30 միլիոն դոլարի վարկ, ևս 7.5 միլիոն դոլարի համաֆինանսավորում, որով նախատեսված էր հիմնականում Մեղրիի, Քաղցրաշենի և Բաղրամյան-Նորակերտ տարածքներում մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինում ինքնահոս համակարգով: Ծրագրով պլանավորված աշխատանքներն իրականացվում են: Ասեմ ավելին՝ մենք ունենք տնտեսած գումարներ, որոնք ուղղվել են Մեղրիի տարածաշրջանում մեկ այլ ոռոգման համակարգի վերականգմանը, ինչի արդյունքում տարեկան կտնտեսենք 68 միլիոն դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Նա հայտնեց, որ 2 միլիոն դրամի վարկային միջոցները չեն ուղղվելու առաջին ծրագրի որևէ հատվածի ավարտին, այն ամբողջությամբ նոր ծրագիր է: «Բաղրամյան-Նորակերտ հատվածում ջրագծի կառուցման ընթացքում մենք հայտնաբերել ենք, որ ունենք մոտ 573 հեկտար ոռոգելի հողատարածք, որից ընդամենը 45 հեկտարն է ոռոգվում: Չոռոգման հիմնական պատճառը գերնորմատիվային կորուստներն են և քայքայված ոռոգման համակարգը: Մեր կողմից առաջարկվող ծրագրով մենք այդ 573 հեկտար տարածքներում ամբողջությամբ կառուցում ենք փակ համակարգ, տեղադրում ենք ֆիլտրեր, արևային պանելներ և հաշվիչներ»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ վարկային ծրագիրը հնարավորություն է տալիս առաջիկա 4 տարում այդ 573 հեկտար տարածքն ապահովել ոռոգման ջրով, ինչի արդյունքում այդ տարածքներում 11-14 տոկոսով կբարձրանա բերքատվությունը, ինչպես նաև տարեկան 5 միլիոն խորանարդ մետր ջուր տնտեսել: