Վերջին տասնամյակում Հայաստանում դրական տեղաշարժ է նկատվել հատկապես գրահրատարակչության բնագավառում: Բազմաթիվ գրքել են թարգմանվել օտար լեզուներով, նոր գեղարվեստական ստեղծագործություններ են լույս տեսել, 2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Կարծում եմ' ոչինչ հենց այնպես չի լինում: Այդ հաջողությունները հրատարակչական ասպարեզում մեր կատարած աշխատանքի արդյունքն են: Միջազգային ցուցահանդեսներում ներկայանալը, աշխարհի գրահրատարակչական տարբեր հարթակներում հանդիպումներն իրենց դերը խաղացին այս հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Միլիտոնյանը:
Նրա խոսքով'բարձրացել է հրատարակվող գրքերի տպագրական որակը, բովանակությունը: «Այժմ գրողները կարողանում են իրենց գործերը նաև օտար լեզուներով մատուցել ընթերցողներին: Ժամանակին աշխարհին ներկայանում էին հիմնականում ռուսերեն թարգմանված գրքերով: Տասը տարվա ընթացքում հարյուրից ավելի գեղարվեստական ալբոմներ են լույս տեսել, բազմաթիվ գրական ստեղծագործություններ են թարգմանվել անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և այլ լեզուներով»,-շեշտեց Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա համոզմամբ' դա քաղաքականություն էր, որը պետք է շարունակել առաջիկա տարիներին'պահպանելով այն հիմքը, որ կա, և նոր, հետաքրքիր ուղղություններ ընտրել մշակույթի զարգացման համար: