Ընդդիմադիրները ինչպես Երևանում, այնպես էլ մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանց թվում են նաև ուսանողներ, դպրոցականներ: Այսօր Արմավիրի, Գյումրու ուսումնական հաստատությունների երիտասարդները դուրս են եկել փողոց և դասադուլի կոչեր են հնչեցնում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գավառի պետական համալսարանի ուսանողները և դասախոսները ևս ցանականում են իրենց միանալ, սակայն ներսում նրանց բռնությամբ պահում են:
Արշակունյաց փողոցում ի նշան Գավառի համալսարանի ուսանողների և դասախոսների աջակցության, ցուցարարները արգելափակեցին փողոցը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գավառի համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հերքեց տեղեկությունները՝ նշելով, որ իրականացությանը չհամապատասխանող, ստահոդ լուրեր են.
«Ժամը 09:00-ից մինչև վերջին ժամը դասապրոցեսն անցել է նորմալ: Համալսարանում ազատ ելումուտ է եղել, խնդիր չի եղել, որևէ ուսանողի չի ասվել՝ «փակվի՛ր, մնա՛ լսարանում» կամ «դո՛ւրս արի»: Համալսարանում բնականոն գործընթաց է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս օրերին իրենց մոտ խաղաղ է եղել, որևէ դեպք չի եղել:
Հարցին՝ դասերից հետո ուսանողները ակցիա իրականացրե՞լ են, ռեկտորը պատասխանեց. «Յուրաքանչյուր անձի իրավունքն է տնօրինելու իր ժամանակը՝ ուր գնա, ինչ անի»,- ասաց Հակոբյանը: