Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 18-ին հայտարարեց երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարությամբ նախագահը հայտնեց, որ ընտրությունները կանցկացվեն հունիսի 24-ին: Ըստ էության, այդ տարեթիվը նախանշում է երկրում պատմական նոր ժամանակաշրջանի թևակոխում՝ լի Թուրքիան ավտորիտար պետության վերածելու վտանգավոր տարրերով:

Ինչո՞ւ որոշում կայացվեց արտահերթ ընտրություններ անցկացնել

 

Թուրքիայում առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններն ի սկզբանե նախանշված էին իրականացնել 2019 թվականի նոյեմբերին: Այդուհանդերձ, երկրի ղեկավարությունն ապրիլի 18-ին հայտարարեց, որ իրենք գնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանապարհով:

Նախագահական պալատում հայտարարելով արտահերթ ընտրությունների մասին՝ Էրդողանն անդրադարձավ դրա պատճառներին: Նա մասնավորապես ընդգծեց, որ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները, պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և քուրդ զինյալների դեմ Թուրքիայում հրատապ անցումը նախագահական կառավարման համակարգին դարձրել են անհրաժեշտ հրամայական` «որպես տիրող անորոշությունը հաղթահարելու միջոց»: «Թեպետ նախագահի և կառավարության միջև աշխատանքները որևէ խնդիր չեն առաջացնում, սակայն նախկին համակարգի հիվանդություններն արդեն ամեն քայլափոխի ի հայտ են գալիս: Որպեսզի կարողանանք ավելի ուժեղ կերպով ընդունենք և կյանքի կոչենք Թուրքիայի ապագայի մասին որոշումները, նոր համակարգին անցումը հրատապ անհրաժեշտություն է դարձել»,- իր ելույթում նշեց Էրդողանը: Իսկ անցումը կառավարման նոր համակարգի հնարավոր է միայն հաջորդ ընտրությունների անցկացումից հետո:

Այդուհանդերձ, կան այլ պատճառներ ևս, որոնք ընտրությունները նախատեսվածից 1.5 տարի ավելի վաղ անցկացնելու որոշման են հանգեցրել: Նախ պետք է նշել երկրում տնտեսության վիճակը. շատ տնտեսագետներ նշում էին, որ վերջին տարիներին Թուրքիայի տնտեսությունը շատ խոցելի է դարձել: Դա են վկայում դոլարի և եվրոյի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումը, երկնիշ ինֆլյացիան: Տնտեսական վատ ցուցանիշները, բնականաբար, բացասական պետք է ազդեին իշխող կուսակցության հեղինակության վրա՝ մինչև 2019 թվականը զրկելով ընտրողների քվեների որոշակի մասից: Ուստի, Էրդողանը որոշեց չգնալ ռիսկի և անցկացնել վաղաժամ ընտրություններ:

Պետք չէ անտեսել նաև այն, որ ապրիլի 18-ին հայտարարելով շուրջ երկու ամիս անց երկրում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Էրդողանը զրկում է իր ընդդիմությանը ինքնակազմակերպվելու, ընտրություններին պատշաճ մասնակցելու հնարավորությունից:

 

Բացի այդ, նախատեսվող ընտրություններն անց են կացվելու դեռևս 2016 թվականի ամռանից գործող արտակարգ դրության պայմաններում, ինչը ենթադրում է, որ պետության կողմից քարոզարշավի ընթացքում հնարավոր են սահմանափակումներ, խոսքի ազատության ոտնահարումներ, ինչն անարդար և ոչ հավասար պայմաններ կստեղծի քաղաքական ուժերի համար:

Թուրքիան պատմական անցում կկատարի կառավարման նախագահական համակարգի

Հունիսին կայանալիք ընտրությունները պետք է պատմական համարել, քանի որ դրանց արդյունքում երկրում տեղի կունենա հանրապետության հիմնադրումից՝ 1923 թվականից ի վեր ամենալուրջ քաղաքական փոփոխությունը՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի: Այս անցումն ամրագրվեց 2017 թվականի ապրիլին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով:

Նոր սահմանադրությունը երկրի կառավարման կարևորագույն լծակները կենտրոնացնում է նախագահի ձեռքում: Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայի նախագահը լիազորություններ է ստանում նշանակել և հեռացնել նախարարներին, դատավորներին ու դատախազներին, երկրում հաստատել արտակարգ դրություն և այլն:

Սահմանադրության այս նոր դրույթները նախատեսվում էին ուժի մեջ մտնել 2019 թվականի նոյեմբերի 3-ին նախանշված ընտրություններից հետո, բայց, ինչպես երևում է, դրանք ուժի մեջ կմտնեն նախատեսվածից շուրջ 1.5 տարի ավելի շուտ:

Ընդ որում, Էրդողանը կկարողանա նախագահի համար առաջադրվել ևս երկու անգամ՝ պաշտոնավարելով մինչև 2028 թվականը:

Թեպետ Թուրքիայի իշխող քաղաքական ուժը պնդում էր, որ անցումը կառավարման նախագահական համակարգի երկիրն ավելի ուժեղ ու ապահով կդարձնի, սակայն ակնհայտ է, որ սահմանադրական այդ փոփոխությունները միտված էին իշխանության ավելի լայն լծակներ կենտրոնացնել մեկ մարդու՝ տվյալ պարագայում Էրդողանի ձեռքում՝ ավելի անվերահսկելի դարձնելով նրա գործողություններն ու ուժեղացնելով երկրում արդեն իսկ տիրող ավտորիտար ռեժիմը:

Երեք քաղաքական ուժ կփորձի հակակշռել Էրդողանին

Առաջիկա ընտրություններում իշխող քաղաքական ուժը՝ ԱԶԿ-ն կհամագործակցի ազգայնականների՝ ԱՇԿ-ի հետ: Թեպետ ակնկալվում է, որ քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն առանձին, սակայն նրանց նախագահի թեկնածուն մեկն է՝ գործող նախագահ Էրդողանը: Էրդողանին նախագահական ընտրություններում սատարելու մասին արդեն իսկ բարձրաձայնել է ազգայնականների առաջնորդ Բահչելին:

Որպես ԱԶԿ և ԱՇԿ մրցակիցներ՝ պետք է դիտարկել երեք քաղաքական ուժերի. դրանք են՝ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) և նորաստեղծ «Լավ» կուսակցությունը:

Թուրքիայի ավանդական քաղաքական ուժերից համարվող ՀԺԿ-ն վերջին տարիներին հանդես է գալիս որպես երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցություն: Այն երկրի խորհրդարանում իշխող ԱԶԿ-ից հետո ամենաշատ պատգամավորական մանդատ ունեցող ուժն է: Թեպետ այս անգամ էլ կասկածի տակ չի կարելի առնել խորհրդարանական ընտրություններում ՀԺԿ հաջողությունը, սակայն, թերևս, խիստ թերահավատորեն պետք է մոտենալ նախագահական ընտրություններում այդ ուժի հնարավոր հաջողություններին: Կառաջադրվի ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն որպես նախագահի թեկնածու, թե ոչ՝ ցույց կտան առաջիկա օրերը, սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցության թեկնածուն չի կարող ունենալ ռեալ շանսեր հաղթելու գործող նախագահին:

Խորհրդարանական ընտրությունները չեն խոստանում հեշտ անցնել քրդամետ կուսակցության համար: ԺԴԿ շատ անդամներ, ինչպես պատգամավորներ, այնպես էլ քաղաքապետեր ու գյուղապետեր, մասնավորապես առավել աչքի ընկնող և ժողովրդականության վայելող դեմքերը վերջին 1.5 տարվա ընթացքում շարունակ հետապնդումների ու ազատազրկման են ենթարկվում: Թեպետ խորհրդարանական առաջիկա ընտրություններում կասկածի տակ չի կարելի դնել այս կուսակցության մասնակցությունը, սակայն դժվար է հավատալ, որ այն կարող է մեջլիսում ունենալ ավելի շատ պատգամավորական մանդատներ, քան նախորդ՝ 2015 թվականի նոյեմբերի ընտրություններին էր (59 պատգամավոր): Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա ԺԴԿ խարիզմատիկ առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի՝ բանտարկության մեջ գտնվելու պարագայում դժվար է պատկերացնել մեկ այլ թեկնածուի, ով կկարողանա լուրջ մրցակից դառնալ նախագահ Էրդողանին:

Թուրքիայի քաղաքական ասպարեզում միայն վերջերս՝ 2017 թվականի հոկտեմբերին հայտնված «Լավ» կուսակցությունը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկա ընտրություններում: Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, «Լավ»-ն առաջնորդող Մերալ Աքշեներն ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կլինի Էրդողանի հիմնական մրցակիցը: Ընդ որում, նա կլինի առաջին կին թեկնածուն, ով կմրցի նրա դեմ: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարության հնչեցումից անմիջապես հետո Աքշեները հայտարարեց, որ նախագահական ընտրություններում իր մասնակցությունը կասկածից վեր է:

Էրդողանին լուրջ մրցակցություն ցույց տալու հնարավորության մասին են խոսում մինչ այժմ արված սոցհարցումների արդյունքները: Այդուհանդերձ, կուսակցությունը կարող է որոշակի խնդիրների առաջ կանգնել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում: Համաձայն ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունը կարող է խորհրդարանական ընտրություններին մասնակցել, եթե իր առաջին կուսակցական համաժողովն անց է կացրել ընտրություններից առնվազն վեց ամիս առաջ և երկրի 81 նահանգներից կեսից ավելիում ունի կուսակցական գրասենյակներ: Աքշեների համոզմամբ՝ նրանք բավարարել են այդ չափանիշները, քանի որ առաջին համաժողովն անց են կացրել 2017 թվականի դեկտեմբերի 10-ին և գրասենյակներ ունեն 68 նահանգներում: Այդուհանդերձ, թուրքական քաղաքական շրջանակներում կան այլ տեսակետներ համաժողովի անցկացման տարեթվի և ընտրություններին մասնակցելու իրավասության վերաբերյալ: Ընտրություններին մասնակցելու դեպքում, սակայն, կուսակցությունն, ակնկալվում է, որ ձայներ կխլի ազգայնականներից:

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն այսպիսով երկրում միտված են հաստատել նոր կարգեր, որոնք, ըստ էության, միայն  ավելի կուժեղացնեն Էրդողանի և նրա ղեկավարած ուժի բացարձակ իշխանությունը՝ երկրում այլընտրանքային ձայները խլացնելով ու ավելի ուժեղացնելով «մարդ-պետություն» կարգախոսը:

Արաքս Կասյան