«Եղեգնաձորի պահածոների գործարան»-ի արտասահմանյան գործընկերները անորոշ ժամանակով հետաձգել են ընկերության հետ պահածոների մատակարարման շուրջ բանակցությունները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Պողոսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտում է իրենց գործունեությանը: «Արտահանման ու վաճառքի սեզոն է, մենք արտասահմանյան խոշոր ցանցերի հետ բանակցությունների փուլում ենք, ակնկալում ենք պայմանագրեր կնքել։ Բայց երկրում առկա անկայուն վիճակի պատճառով մեր բանակցություններն անորոշ ժամկետով չեղարկվել են: Նրանք պատճառաբանում են, որ լավ չէ հաճախորդներին սովորեցնենք ձեր ապրանքին, հետո անկայունության պատճառով չկարողանաք այն մատակարարել: Ասում են՝ թող վիճակը կայունանա, բանակցությունները կշարունակենք»,-ասաց գործարարը: Նրա խոսքով՝ եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում պայմանագրերը չկնքեն, հետո ուշ կլինի, պահը կկորցնեն:
Ինչ վերաբերում է այս օրերին ապրանքի արտահանմանը, ապա դրանք անխոչընդոտ հասնում են սահման և ուղևորվում արտասահմանյան շուկաներ:
«Գոլդեն հարվիսթ» ընկերության արտադրության պետ Կարապետ Ղուկասյանն էլ նշեց, որ աշխատանքը բնականոն հունով շարունակվում է: Այս պահին արտահանման հետ կապված խնդիր չունեն, սակայն հետագայում հնարավոր է այս իրավիճակը վնաս հասցնի իրենց գործունեությանը: «Ներկայում այս իրավիճակն այնքանով է խանգարում, որ խանութներին չենք կարողանում ապրանք տալ, արտահանման առումով դեռևս խնդիր չունենք»,-ասաց ընկերության տնօրենը: Նրա խոսքով՝ որքան բնակչության վիճակը լավ լինի, իրենք այնքան ավելի լավ արդյունք կարող են ապահովել: