Հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Օրեր շարունակ Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում «Մերժի՛ր Սերժին» կոչերով հանդես եկող հարյուր հազարավոր քաղաքացիների պահանջը կատարվեց: Ի՞նչն է հասցրել այդ իրավիճակին, ինչպիսի՞ն է դրա համար Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական պատասխանատվությունը, դա արդեն քաղաքագիտական, փորձագիտական վերլուծության եւ բանաեճերի նյութ է, բայց նաեւ անցյալ, մի դարաշրջան՝ իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ գործոններով եւ հանգամանքներով, որ փակվում է Սերժ Սարգսյանի հրաժարականով:
Սա ժողովրդավարության, ազգային համախմբվածության հաղթանակի դասական դրսևորում էր: Հայաստանի քաղաքացիները արեցին իրենց քայլը և այդ քայլը Նոր Հայաստանի առաջին քայլը կարելի է համարել: Այժմ ոչ պակաս կարևոր են նաև հաջորդ քայլերը, իսկ այդ քայլերը ենթադրում են ՀՀԿ իշխանության անցնցում, վերջնական փոխանցումը ժողովրդին՝ իշխանության իրական տերերին: Արտահերթ խորհրդարանական ընտրություններով պետք է վերջնական ամրագրումը ստանա անարյուն, թավշյա հեղափոխության արդյունքում ձեռք բերված հաղթանակը: Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ռեսուրսային բազայից զրկված Հանրապետական կուսակցությունը ազատ և արդար ընտրությունների արդյունքում կհաջողի կրկին զավթել իշխանությունը: Նման սցենարի բացառումը պետք է գերխնդիր լինի ընդդիմության համար:
Հեղինակազրկված և իշխանազրկված Հանրապետական կուսակցությունը, որը տարիներ շարունակ կառուցել է այս անհասկացողության, անհանդուրժողականության պատը իշխանությունների և հանրության միջև, այլևս չի կարող որևէ պատասխանատվություն կրել և Նոր Հայաստանը պետք է այս նոր՝ պատմական շրջափուլ մտնի լիարժեքորեն ձերբազատված 90-ականների մտածողությունից, գաղափարներից և կրեդոներից: Այսուհետ Հայաստանի նոր ուղին պետք է կանխորոշի նոր սերնդի, երիտասարդ սերնդի քաղաքական, գիտական միտքը:
Ստելլա Խաչատրյան