Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ Պետերբուրգում ապրիլի 24-ի կեսօրին Վասիլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Այնուհետև Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին, որից հետո եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը:
Մոմավառությունից հետո Սբ. Կատարինե եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք:
Հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, հույների, հրեաների, եզդիների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ:
Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը անդրադառնալով 1915 թվականի Ցեղասպանությանը դատապարտեց Թուրքիայի իշխանությունների ժխտողականության քաղաքականությունը և շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից: Գլխավոր հյուպատոսը դատապարտեց նաև Ադրբեջանի ներկա իշխանությունների անհեթեթ հայտարարությունները Երևանի վերաբերյալ: Գլխավոր հյուպատոսը նշեց նաև, որ Թուրքիան շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան խնդիրը լուծելու տարբերակը: