Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը դեռ չի էլ երևում: Այս օրերին Հայաստանում կա փաստացի երկու իշխանություն: Հրապարակում հավաքված քաղաքացիների դե ֆակտո իշխանությունը և ապօրինաբար կառավարական կաբինետներում նստած՝ դե յուրե՝ Կարեն Կարապետյանի իշխանությունը:
Քաղաքական ուժերն այս օրերին քննարկում են ճգնաժամից դուրս գալու լուծումներ: Ստեղծված իրավիճակում մեծ հավանականություն կա, որ Հայաստանի ապագա վարչապետ կընտրվի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը քաղաքական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդն է, և անկասկած համարվում է ընդունելի կերպար, վայելում է Հայաստանի Հանրապետության բազմաշերտ քաղաքացիների հարգանքն ու վստահությունը: Հենց նրա թեկնածությունը կարող է վերջ դնել երկրում ստեղծված քաոսին, ինչպես նաև ընդդիմության հայտարարած ՀՀԿ-ի կապիտուլյացիային:
Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ժամեր առաջ հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը վաղը հանդես է գալու հայտարարությամբ:
Հավելենք, որ այս օրերին Ծառուկյանը հանդիպումներ է ունենում ոչ միայն ներհայաստանյան քաղաքական ուժերի, այլ նաև Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների հետ՝ քննարկելով Հայաստանում ստեղծված իրավիճակը: