Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Խորհրդանշական այս օրը աշխատավորների խնդիրների, դժգոհությունների, ոտնահարված իրավունքների և այլ հարցերի մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նախկին Աշխատանքի պետական տեսչության պետ Հակոբ Մանուկյանի հետ:
- Պարոն Մանուկյա՛ն, մարդիկ հաճախ բողոքում են, որ խախտվում են իրենց աշխատանքային իրավունքները, Աշխատանքային օրենսգրքի դրույթները, ու դրա կանխումը պետական ոչ մի մարմին չի վերահսկում: Ի՞նչ էր անում աշխատանքի պետական տեսչությունը:
- Առավել զարգացած երկրներում գործատուների կամայականություններից աշխատողներին պաշտպանում են արհմիությունները, սակայն մեր երկրում արհմիություններն ակտիվ չեն:
2005 թվականից Հայաստանում գործել է Աշխատանքի պետական տեսչություն, որի գործառույթներից էր աշխատավորների իրավունքների պաշտպանությունը, սակայն, ցավոք, 2013 թվականի վերջին լուծարվեց այդ տեսչությունը, որին հաջորդեցին օրենսդրական փոփոխություններ, ինչի հետևանքով էլ աշխատավորը յուրաքանչյուր բողոքի լուծումը պետք է ստանա դատարանի միջոցով:
-Ինչքանո՞վ են արդյունավետ եղել այդ փոփոխությունները և ինչքանո՞վ է այս պահին պաշտպանված քաղաքացու աշխատանքային իրավունքը:
- Նախկինում, երբ դեռ գործում էր Աշխատանքի պետական տեսչությունը, ըստ մեր վերլուծության, մեզ դիմող քաղաքացիների 70%-ը ունեին մինչև100 հազար դրամի խնդիր իրենց գործատուներ հետ: Այսօր քաղաքացին դատարան հայց ներկայացնելու, փաստաբանական ծառայությունից օգտվելու համար նշված 100 հազար դրամից ավելին կծախսի, քան, օրինակ, իր գործատուից ունեցած պահանջն է, ուստի՝ դատարանով իրավունքները վերականգնելն անիմաստ են համարում և համակերպվում են անպաշտպան իրավիճակի հետ:
- Որքանո՞վ էին մարդիկ վստահում Աշխատանքի պետական տեսչությանը:
- Տարիների ընթացքում մարդկանց մոտ վստահությունն ավելացել էր, տարեցտարի դիմում-բողոքները շատանում էին, քանի որ անաչառ ձևով լուծում էինք մարդկանց խնդիրները: Թվերով խոսելու պարագայում կարող եմ ասել, որ մեկ տարվա ընթացքում ամենաքիչը 500 դիմում-բողոքից 80%-ը բավարարվում էր ի օգուտ աշխատողի՝ այն դեպքում, երբ դատարաններում նույն ժամանակահատվածում ստացվում էր կրկնակի քիչ դիմում և նույնիսկ այդ պարագայում ստացված հայցերից միայն 50 %-ի դեպքում էր հօգուտ աշխատավորի որոշում կայացվում:
2012 թվականին, առանց գործատուների վրա որևէ տույժ-տուգանքի, առանց նրանց վրա ֆինանսական բեռ ավելացնելու, կարողացել ենք գործատուից աշխատավորներին շուրջ 700 միլիոն դրամի պարտավորություն վերականգնել:
Այսինքն՝ աշխատավորը հասկանում էր, որ իրենց խնդրով դիմում են պետական մարմնին և իրենց հասանելիք գումարը ստանում են առանց բյուրոկրատական քաշքշուկի: Նման հետևողական աշխատանքի արդյունքն էր նաև այն բազմաթիվ գոհունակության խոսքերն ու նամակները, որ ստանում էին աշխատավորներից, դա էր այդ պետական տեսչության աշխատանքի իրական գնահատականը:
- Ինչպե՞ս կգնահատեք Ձեր պաշտոնավարման տարիներին արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների միության, հասարակական կազմակերպությունների և տեսչական մարմնի միջև համագործակցությունը:
-Իմ պաշտոնավարման տարիների ընթացքում փորձել եմ համագործակցել այդ մարմինների հետ և իմ յուրաքանչյուր քայլը միտված է եղել միասնական քայլ անել աշխատավորների իրավունքները պաշտպանելու համար: Կարող եմ ասել նաև, որ որոշակի դրական դինամիկա արձանագրվել էր: Ցավոք սրտի, տեսչության փակվելուց հետո այդ ոլորտում մենք հետընթաց ենք ապրել և աշխատողին առանց պաշտպանության մենակ ենք թողել իր գործատուի հետ:
-Դուք դրական դինամիկայի մասին եք խոսում, սակայն հանրության մեջ կա կարծրացած տեսակետ, որ տեսչական մարմինները ստուգող և ճնշող գործառույթ են իրականացնում: Այնպես չէ՞:
-Վերջին տարիներին Տեսչության ստուգումները չեն եղել ինքնանպատակ և մղվել են հետին պլան, որի մասին վկայում են ստուգումների քանակի կրճատումները:
- Մամուլում պարբերաբար հանդիպում ենք հոդվածների, որոնցում ակնարկվում է տեսչության դերը: Միջազգային կառույցները մի քանի անգամ ՀՀ կառավարությանը դիմել են հարցով՝ ո՞ւր է Աշխատանքի պետական տեսչությունը: Դուք ինչպե՞ս կգնահատեք տեսչության անհրաժեշտությունը:
- Թեև 2005 թ.-ին Աշխատանքի տեսչության մասին միջազգային կոնվենցիա ենք վավերացրել, բայց տեսչությունը լուծարեցին օպտիմալացման անվան տակ և օրենսդրական վերհսկողության դաշտը հանեցին: Նույնը տեղի ունեցավ Վրաստանի դեպքում, սակայն այնտեղ հետո ավելի մեծ լիազորություններով վերականգնեցին: Հուսով եմ՝ մեզ մոտ էլ ըստ արժանվույն կգնահատվի մարմնի գործառույթները, քանի որ պետությունը չպետք է ձեռքերը լվանա և աշխատողին առանց իրավական հենարանի թողնի: Որպես իրավական, ժողովրդավար պետություն, պետք է աշխատավորին պետական աջակցություն ցուցաբերվի, սակայն այսօր ո՛չ պետությունն է այդ գործառույթն իրականացնում, ո՛չ էլ արհմիություններն են կարողանում այդ դերը ստանձնել:
Որպես այս ոլորտի մասնագետ և նախկինում Աշխատանքի պետական տեսչությունը ղեկավարած մարդ՝ կարևորում եմ առավել ընդլայնված լիազորություններով օժտված պետական մարմնի ստեղծումը. դա կարող է լինել այլ ձևաչափով, սակայն Աշխատանքի տեսչության առկայությունը խիստ անհրաժեշտություն է:
Սոնա Հարությունյան