Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը, որն աշխատեց 1.5 տարի և օրենքի ուժով հրաժարական տվեց, կարողացավ կայունացնել տնտեսության վիճակը: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը: Նրա խոսքով՝ 2016-ի աշնանը, երբ Կարեն Կարապետյանը հանձն առավ վարչապետի գործառույթն ու ձևավորեց իր թիմը, մեծ սպասելիքներ կային և առաջին հերթին տնտեսական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, ինչն էլ նրան հաջողվեց։ «Կարեն Կարապետյանի կառավարությունն արձանագրեց մի շարք արդյունքներ, որոնցից գլխավորը մակրոտնտեսական և ֆինանսական համակարգի կայունացումն էր: Այսինքն՝ այն պատկերը, որ կար 2016-ի աշնանը, բավականաչափ տխուր էր, և ծրագրային մոտեցումները, որ որդեգրվեցին նրա կաբինետի կողմից, իրականացան»,-ասաց տնտեսագետը:

Նա հավելեց, որ հնարավոր է եղել կայունացնել պետական բյուջեն, ֆինանսական համակարգի հավասարակշռությունը վերականգնել, աշխատանքներ տանել դեֆիցիտի ֆինանսավորման մասով, գործազրկության մակարդակի որոշակի իջեցման, ինչպես նաև ապահովել տեղաշարժեր ներդրումների ներգրավման առնչությամբ:

Ըստ Մարգարյանի՝ դրանից բացի, Կարեն Կարապետյանն ու իր թիմը կարողացել են որոշակիորեն կրճատել ստվերն ու ավելացնել բյուջեի եկամտային մասը: «Ստվերայնությունը մեր տնտեսության հիմնական աքիլեսյան գարշապարն է եղել ու այսօր էլ շարունակում է մնալ: Ի պատիվ Կարեն Կարապետյանի կաբինետի՝ պետք է ասել, որ նա կարողացավ որոշակիորեն ստվերը երևակել ու նաև պետական բյուջեի եկամուտների ավելացումն իրականացնել ստվերի կրճատման հաշվին»,-եզրափակեց փորձագետը: