Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է…
Դիվանագիտորեն բավականին խոցելի ձեւակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի եւ իր հիմնական դաշնակցի կողմից: Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ' դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել որպես Հայաստանի կողմից հողային պահանջ: Հայկական դիվանագիտությունը մինչ այժմ կարողացել է հակադարձել այդ «մեղադրանքին»' ներկայանալով ընդամենը որպես բանակցային կողմ:
Հայաստանը հակամարտող կողմ չէ, նա պարտադրված է պաշտպանել իր հայրենակիցների կյանքն ու իրավունքները' ինչը մինչ այժմ հայկական կողմը կարողացել է մատուցել հակամարտությամբ զբաղվող կառույցներին: Եթե Հայաստանն ինքն իրեն ճանաչի հակամարտող կողմ, արցախյան հակամարտության բնույթը ամբողջությամբ կարող է փոխվել' ի նպաստ Ադրբեջանից «հողային պահանջ» թեզին:
Ողջունում եմ մոտեցումդ, որ առանց հակամարտության իրական կողմի' Արցախի մասնակցության որեւէ բանակցային ձեւաչափից չի կարելի դրական արդյունք ակնկալել:
Համաձայն եմ' այն պետք է դառնա առաջիկա բանակցային գործընթացի հիմնական մեխերից մեկը: Ենթադրում եմ նաեւ, որ արդեն մշակված է դիվանագիտական այն գործիքակազմը, ինչի միջոցով պետք է պայքարել Արցախը նորից բանակցային ձևաչափ վերադարձնելու համար: Այլապես' բազմիցս հայտարարվել է այս մասին' առանց հստակ գործիքակազմի ու ճանապարհային քարտեզի: Չեմ կարող մեկ անգամ եւս չհիշեցնել, որ, ցավոք, սա այն խնդիրն է, ինչը մենք ենք ներքաղաքական այսրոպեական հարցեր լուծելու համար «պարգեւել» մեզ: Այս հարցին բազմիցս եմ անդրադարձել:
Ասուլիսում կան նաեւ այլ նուրբ պահեր եւ արտահայտություններ, որոնք կարող են վաղը բանակցությունների ժամանակ կաշկանդել մեր դիվանագիտությանը: Բարեկամաբար խորհուրդ կտայի չշտապել առաջարկություններ եւ նախապայմաններով կատեգորիկ հայտարարություններ անել արցախյան' չափազանց նուրբ եւ բարդ հակամարտության հարցերով:
Զբաղվածությանդ չափը հասկանալով հանդերձ, այդուհանդերձ, կհորդորեի մանրամասն ծանոթանալ բանակցային ամբողջ գործընթացին, ինչը կարող է շահեկան, լիարժեք եւ ամբողջական լինել, եթե դրան մասնակցեն նաեւ բանակցային գործընթացների անմիջական մասնակիցները' նաեւ նախկինում:
Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ- ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր
Քաղաքական գիտությունների թեկնածու