ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ տարիներով կուտակված էին բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացրել էին դժգոհություններ: Հանգուցալուծումը եղավ այս շարժմամբ, ինչն էլ բերեց վերջին քսան տարվա քաղաքական կուրսի որոշակի փոփոխության:
«Թեև պարոն Փաշինյանը հայտարարել է, որ անվտանգության առումով քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի, բայց պետք է արձանագրենք, որ այս ամենով սկիզբ դրվեց նոր հիմքի և այն խնդիրները, որոնք տարիներով լուծումներ չէին ստանում, կամ դանդաղ էր ընթացքը, հնարավորություն էր ստեղծել այս շարժումով նոր հանգուցալուծման տանել»,-ասաց նաև նշեց, որ աատաքին քաղաքականության փոփոխություններ չեն նախատեսվում, այլ միայն մարտավարության փոփոխություններ են լինելու, բայց ներքին հարցերում փոփոխությունները սպասելի են:
«Երկիրը ցնցումներից զերծ պահելու համար համախոհության սկզբունքով պետք է ձևավորվի կառավարություն, որը կանվանեմ անցողիկ կառավարություն»,-ասաց նա:
Արթուր Եղիազարյանը նշեց, որ թեև խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ էին և տեղամասերում կեղծիքներ չեղան, բայց բոլորն էլ հասկանում էին, որ այդ ընտրությունները իրական պատկերը չէր արտահայտում, հակառակ դեպքում այս շարժումը չէր լինի: Ինչ վերաբերում է ապագա ընտրություններում Դաշնակցության մասնակցությանը, նա նկատեց, որ միշտ էլ Դաշնակցությունը գնացել է ինքնուրույն, սակայն դա դոգմա չէ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կիսելուն, Արթուր Եղիազարյանն ասաց, որ վարչապետի հետ բանակցային գործընթաց են արել և այս շրջանում մոտեցումները համընկնում են: «Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների և մեր ամենամեծ զիջումն այն է, որ մենք Ցեղասպանության ճանաչումը չենք դնում նախապայման»,-ասաց նա և նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է լուծվեն փաթեթային տարբերակով:
Խոսելով Արցախի՝ բանակցային կողմ լինելու մասին՝ նա ասաց՝ փաստ է, թե Հայաստանը հակամարտության կողմ չէ, և իրենք ողջունում են Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, որ Արցախը պետք վերադարձնել բանակցային գործընթաց: «Սա հայկական կողմի որդեգրած կուրսը պետք է լինի»,-ասաց նա:
Աղավնի Սուքիասյան