Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղը նոր տեսք է ստացել: Հիմնանորոգումից հետո այն ունի մեծ և թափանցիկ պատուհան, տոմսարկղը համալրվել է համակարգչային տեխնիկայով:

«Երբ առաջին անգամ եկա Մայր թատրոն, նկատեցի, որ տոմսարկղը բանտախուց է հիշեցնում: Այն բավականին մռայլ էր և անհաղորդ: Այնինչ, տոմսարկղը ոչ միայն տոմս վաճառելու տեղ է, այլև հատված, որը մեծ ներդրում ունի թատրոնի կենսագործունեության մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Տնօրենը շեշտեց, որ տոմսարկղի նորոգման հարցում թատրոնին օգնել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը»: «Այն մեզ աջակցել է նաև «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումը կյանքի կոչելու հարցում: Նրանց շնորհիվ համակարգչային տեխնիկայով է հարստացել թատրոնի հաշվապահությունը»,- ասաց Վարդան Մկրտչյանը` շնորհակալություն հայտնելով հիմնադրամին: