Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են:

Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց վիճակը թեթև և միջին ծանրության է:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտալացվել:

Արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՍԱՊԾ-ն կասեցրել է «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք մատակարարած Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը: