Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում: Այս մասին այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ պետի խոսքով, ավանդապես կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող հիմնարկներում դադարեցվել է հակաօրինական գործունեությունը: Նա մասնավորապես մատնանշել է մաքսային, դատական, հարկային, ոստիկանության որոշ ծառայություններ: Արթուր Վանեցյանը հավաստիացրել է, որ նախկինում կոռուպցիոն սխեմաներով ապօրինի հարստացած անձանց վերաբերյալ բացահայտումներ կլինեն. «Շուտով կբացահայտնվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով: Սակայն չի նշանակում, որ լինելու են ռեպրեսիաներ: Ամեն ինչ լինելու է հրապարակային եւ կասկածի տեղ չի թողնելու: Պետք է գտնել լուծումներ, որ գումարը վերադարձվի պետությանը, որովհետեւ բանտարկությունները հարցի լուծում չէ: Բավականին մեծ գումարներ են վերադարձվելու պետբյուջե»,- ասել է Վանցյանը:

 

 

Նա նշել է նաև. «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այդ մարդիկ տեղյակ չեն, որ բիզնես ունեն ու ապրում են ծանր սոցիալական պայմաններում։