Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր Կառավարության օրոք ազատության մեջ հայտնվելու պարագայում Սամվել Բաբայանը հեղափոխություն չի ծրագրի Արցախում․ «Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է անհիմն պատճառներով, ամբողջովին թխած գործ է, սակայն վստահ եմ նաև, որ Սամվել Բաբայանն ազատ արձակվելուց հետո մտադրություն չի ունենա Արցախում հեղափոխություն իրականացնելու, ինչի վերաբերյալ վերջին շրջանում մտահոգություններ են հնչում»,-ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Խանումյանը՝ նշելով, որ հավանաբար Արցախի հերոս Սամվել Բաբայանն ազատվելուց հետո կցանկանա մնալ Հայատանում և իր պահանջը իշխանությունների համար լսելի դարձնել։
«Սամվել Բաբայանի նպատակը որոշում ընդունողներին համոզելն է՝ որոշակի սպառազինություններ գնել, որոնք անհրաժեշտ են Արցախի պաշտպանունակության համար։ Սամվել Բաբայանը 2011 թվականից սկսած՝ իր այս տեսակետը փորձում է լսելի դարձնել»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ եթե Սամվել Բաբայանն ազատ չարձակվի, արդյո՞ք Արցախում կփոխվեն տրամադրությունները նոր կառավարության վերաբերյալ, պատգամավորը նկատեց․ «Չեմ կարծում, որ Արցախում դրանից հետո տրամադրություններ փոխվեն»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Արցախի հերոս Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ մեկնարկեն նաև Արցախում՝ այնպես, ինչպես դա արվում է Հայաստանում, նրա դատավարության շրջանում, Խանումյանը պատասխանեց․
«Դրա անհրաժեշտությունը չկա, Հայաստանի իշխանությունների հետ կապի հնարավորություն ունենք և կարծում եմ փողոցային ճնշման կարիք չկա։ Մյուս կողմից պետք է նկատեմ, որ քաղհասարակությունը շատ ուժեղ չէ մեզ մոտ, այնպես որ՝ սպասենք դատական ընթացակարգերին»,- նկատեց մեր զրուցակիցը։
Աղավնի Սուքիասյան