Այսօր՝ մայիսի 25-ին, Գ․Վ․ Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հյուրն էր Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանը:

Վերջինս ուսանողների համար հանդես եկավ բիթքոինի, բլոկչեինի և կրիպտոարժույթի վերաբերյալ դասախոսությամբ:

 

Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաև Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, համալսարանի տնօրեն՝ պ.գ.թ. Թամարա Վարդանյանը, դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: 

Դասախոսության ընթացքում Արտակ Թովմասյանն ընդգծեց՝ վիրտուալ արժույթը գրավում է աշխարհը և արդեն հետաքրքրություն է առաջացրել նաև Հայաստանում՝ վիրտուալ արժույթով ներդրումներ կատարելու, բիզնես ձեռնարկելու, օնլայն գումարներ շրջանառելու և առքուվաճառք իրականացնելու առումով:

Նա ներկայացրեց, թե ինչ է կրիպտոարժույթը՝ նշելով, որ այն թվային արժույթ է, որը պաշտպանվում է կրիպտոգրաֆիկական տեխնոլոգիաներով: Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիան հավակնում է հեղաշրջում իրականացնել ֆինանսական շուկաներում և դրդում է ՏՏ ոլորտի մասնագետներին՝ զբաղվել օնլայն փողի արտադրությամբ: Արտակ Թովմասյանը նշեց նաև՝ կրիպտոարժույթը գոյություն ունի վիրտուալ աշխարհում, սակայն դրա ֆիզիկական դրամական միավորը, որպես այդպիսին, գոյություն չունի:

«Բիթքոին ստեղծելու համար պարզապես հարկավոր է համակարգիչը միացնել համացանցին, այնուհետև ներբեռնել մայնինգ ծրագիրը, այսինքն՝ դառնալ «հանքափոր» և բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծելով, դրա դիմաց ստանալ միավոր՝ բիթքոին: Տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ փոխանցման ժամանակ չեն նշվում տվյալներ, ինչպես նաև այլ երկրում գտնվող ծանոթներին բիթքոիններ փոխանցելու համար միջնորդավճար չի գանձում»,- ասաց Արտակ Թովմասյանը:

Արտակ Թովմասյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց all.me նոր և բացառիկ նախագիծ՝ սոցիալական ցանցերի աշխարհում, որտեղ ակտիվ օգտատերերը հնարավորություն ունեն նաև գումարներ աշխատել իրենց ակտիվության շնորհիվ:

Նշենք նաև՝ դասախոսության ավարտին Արտակ Թովմասյանը հավաստագրեր հանձնեց արտալսարանային ակտիվություն ցուցաբերած մի խումբ ուսանողների:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: