Հայաստանում չորրորդ անգամ անցկացվող «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» ամենամյա գործարար համաժողովը մեր երկրում էր համախմբել ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին: «ԵԱՏՄ երկրների ելքն արտաքին շուկաներ» խորագրով համաժողովի կազմակերպիչը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն է՝ համագործակցությամբ ԵԱՏՄ երկրների նույնատիպ կառույցների:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ամենամյա միջոցառման նպատակը ինտեգրացիոն միության առանձին երկրների միջև առևտրային հարաբերությունների ժամանակ առաջացող խնդիրների վերհանումն է, ինչպես նաև երրորդ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Սինգապուրի հետ համագործակցության ծավալումը: «Այսօրվա գործարար համաժողովը նպատակ է հետապնդում բարձրաձայնել արտահանման-ներմուծման խթանման հետ կապված հարցերը, ԵԱՏՄ շուկաներում և արդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկությունների տեսքով նոր հարթակների ստեղծումը, որոնք հնարավորություն կունենան երրորդ երկրներ արտահանումներ իրականացնել և ապրանքներն այնտեղ ներկայացնել»,-ասաց Մարտին Սարգսյանը։

Պաշտոնյան նշեց, որ համաժողովի ընթացքում նախատեսվող գործարար հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերն առաջարկությունների տեսքով կներկայացվի ԵԱՏՄ քարտուղարություն, որոնք բարձր մակարդակով կքննարկվեն։

«Այսօր կլոր սեղաններ են կազմակերպում, B2B հանդիպումներ, որի ժամանակ կքննարկվեն տարբեր թեմատիկ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են գյուղատնտեսության ոլորտին և սննդի արդյունաբերությանը, վարկերի ու ապահովագրական խնդիրներին, զբոսաշրջության խթանման, հատուկ նշանակության դեղերի ու դեղամիջոցների ներմուծումը փոխարինելու հետ կապված հարցերին»,-ավելացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը: