«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ընդունել: Այս մասին տեղեկացրին ՀԱԿ գրասենյակից:
«Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նիստ, որն ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Կոնգրեսի առաջարկությունների փաթեթը։ Այդ կապակցությամբ կուսակցության հայտարարությունը կհրապարակվի հունիսի 4-ին»,-տեղեկացնում են ՀԱԿ-ից:
Հայաստանում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադարձ կա ՀՀ կառավարության ծրագրում: Մասնավորապես կառավարությունն անհրաժեշտ է համարում ԸՕ-ում կատարվելիք փոփոխություններով հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր' իրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը' քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը: