Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը հյուրընկալվել է MATCH TV-ի ուղիղ եթերում հեռարձակվող սպորտային հաղորդումներից մեկին:
Քննարկման առարկան Սոչիի մարզական պարծանքը համարվող Ալեքսանդր Կարելինի անվան մարզական համալիրն է, որը քաղաքին է նվիրել հենց Ռուբեն Թաթուլյանը:
Հանդիպման հյուրն էր նաև ինքը՝ ՌԴ Ազգային հերոս Ալեքսանդր Կարելինը, ով մեծապես կարևորեց Թաթուլյանի ներդրումը ՌԴ-ում սպորտի զարգացման մեջ: «Այդ հայորդին ինձ մոտեցավ մարզական համալիրը վերանորոգելու առաջարկով, և դա անչափ զարմանալի էր 90-ականներին՝ կապիտալի վերաբաշխման այդ դաժան տարիներին: Ռուբեն Ալբերտովիչը այդ հեղհեղուկ տարիներին անչափ ռիսկային քայլի գնաց՝ նա վարկ էր վերցրել այդ համալիրը կառուցելու նպատակով: Վստահ եմ՝ քչերը կգնային նման քայլի»:
Իր հերթին՝ Թաթուլյանը, պատասխանելով հարցին՝ իր ինչի՞ն էր պետք նման «գլխացավանքը», պատասխանեց՝ «Ես ապշած էի այն պայմաններից, որում մարզվում էին օլիմպիական չեմպիոնները. նրանցից շատերը. ի դեպ. իմ ընկերներն են, չէ՞ որ բոլոր մարզիկները մեկ մեծ ընտանիքի անդամ են: Ես նրանց աջակցելու մեծագույն ցանկություն ունեի և իրագործեցի այն»,-ասում է Թաթուլյանը: